«Բարսելոնային» կրկին նույն խնդիրն է մտահոգում
Իսպանիայի «Բարսելոնան» չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից առաջ կրկին նույն խնդրի առջեւ է հայտնվել:
Կատալոնյան թիմը վաղը Միլանում հանդիպելու է տեղի համանուն թիմի հետ: Ակումբի ղեկավարներին դարձյալ մտահոգում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկի որակը:
Բանն այն է, որ մեկ տարի առաջ թիմերը հանդիպել էին չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում: Միլանյան խաղից հետո, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, կատալոնցիները դժգոհել էին մարզադաշտի խոտածածկի որակից եւ բողոք էին ներկայացրել ՈՒԵՖԱ:
Այդ խնդիրը լուծելու համար մարզադաշտը շահագործող «Միլանն» ու «Ինտերը» 20 մլն եվրո են ներդրել արհեստական խոտածածկով խաղադաշտ ստեղծելու համար: Այս ձմռանը «Սան Սիրոյի» բնական խոտածածկի մի մասն արդեն փոխարինվել է արհեստականով:
Դրանից հետո 8 ֆուտբոլիստներ արդեն տարբեր վնասվածքներ են ստացել: Մարզադաշտի նոր խոտածածկից վերջինը տուժել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն, որը լուրջ վնասել է ծունկը եւ 9 ամիս դուրս է մնացել ֆուտբոլից:
Ի դեպ, «Բարսելոնան» հնարավորություն չի ունեցել նախապես մարզվել արհեստական խոտածածկով խաղադաշտում, քանի որ Իսպանիայում այդպիսի ծածկով դաշտեր ունի միայն Մադրիդի «Ռեալը», որը, սակայն, կատալոնցիների թիվ 1 ախոյանն է եւ դժվար թե նրանց օգներ այդ հարցում: