«Այրուձին» երկրորդն է Եվրոպայում
Հայկական «Այրուձի» ակումբի թիմը հաջողությամբ է հանդես եկել փակ դահլիճում անցկացվող մականախաղի (խոտի հոկեյ) Եվրոպայի ակումբային առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Փետրվարի 15-17-ը Հունաստանում կայացած Champions Challenge-ի 2-րդ գոտու մրցումներում մեր թիմը ութ երկրների` Բուլղարիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի եւ Սերբիայի ուժեղագույն թիմերի պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ 1-ին գոտու ուղեգիր է նվաճել:
Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը նշել է, որ այդ հաջողությունից հետո մեր մականորդներն ավելի մարտականորեն են տրամադրված եւ լրջորեն պատրաստվում են հուլիսի 21-26-ը Հունաստանում կայանալիք ազգային հավաքականների Եվրոպայի առաջնությանը: Այդ մրցաշարում մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի եւ Լատվիայի ազգային հավաքականները: