Հայաստանի հավաքականը մեկնեց Թեհրան
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը այսօր ինքնաթիռով մեկնեց Թեհրան, որտեղ փետրվարի 17-21-ը տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունը:
Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 8 ըմբիշներ. 55 կգ քաշային կարգում հանդես կգա Հարություն Հովհաննիսյանը, 60 կգ՝ Ալեքսան Միքայելյանը, 66 կգ՝ Տիգրան Թորոսյանը, 74 կգ՝ Ռաֆիկ Մանուկյանը եւ Վարշամ Բորանյանը, 84 կգ՝ Հրաչ Հովհաննիսյանը, 96 կգ՝ Սարգիս Տոնոյանը, 120 կգ՝ Վաչիկ Եղիազարյանը:
«Ա1+»-ի մարզական թղթակցին ինչպես տեղեկացրեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մրցումներին նախապես հայտավորված 60 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ ստիպված մնացել է Երեւանում: Իսկ ինչ վերաբերում է մեր առաջատար ըմբիշներ Ռոման Ամոյանին, Արսեն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանին, ապա նրանք առանձին ծրագրով պատրաստվում են 2013 թ Եվրոպայի առաջնությանը:
Հունահռոմեական ըմբշամարտի այս տարվա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 10 երկրների հավաքականներ ՝ Հայաստան, Ռուսաստան, Կորեայի, Թուրքիա, Բելառուս, Ղազախստան, Ադրբեջան, Հունգարիա, Բուլղարիա, Իրան: Թիմերը սկզբում կբաժանվեն երկու ենթախմբի: Դրանցում առաջին տեղերը գրաված հավաքականները կվիճարկեն 1-2-րդ տեղերը, երկրորդ ճանաչված թիմերը՝ 3-4-րդ տեղերը, եւ այդպես շարունակ: