«Մագնուս Կառլսենը գերազանցում է մյուս հավակնորդներին»
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը այս տարի դարձյալ կմասնակցի Դուբայի միջազգային մրցաշարին:
«Նախկինում ես մրցաշարեր ընտրելիս հաշվի չէի առնում, թե որտեղ է անցկացվում կամ ինչպիսի պայմաններ են առաջարկում: Այժմ աշխատում եմ մասնակցել այն մրցաշարերին, որոնք ինձ դուր են գալիս, ուր մեկնելը ավելի դյուրին է: Այս տարի առայժմ նախատեսել եմ խաղալ Դուբայի մրցաշարում, որը տեղի կունենա ապրիլին, եւ մայիսին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում» - whychess.com կայքով հայտարարել է շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոնը:
Վլադիմիր Հակոբյանը գնահատել է նաեւ 2013 թ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների շանսերը: 1999 թ աշխարհի փոխչեմպիոնը կարծիքով լոնդոնյան մրցաշարի գլխավոր ֆավորիտը հանդիսանում է նորվեգացի Մագնուս Կառլսենը:
«Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի պիկն արդեն անցել է: Լեւոն Արոնյանը շատ լավ է հանդես գալիս: Նա երբ հաղթեց ՖԻԴԵ-ի մեծ մրցանակի մրցաշարում, շատ ավելի լավ էր խաղում: Կարծում էի, որ Լեւոնը գտնվում է իր բարձունքի վրա, սակայն ...: Մագնուս Կառլսենը ներկայումս գերազանցում է մյուս հավակնորդներին, եւ եթե նա խաղա այնպես, ինչպես Վեյք ան Զեեի մրցաշարում, ապա ոչ մեկը չի կարող մրցել նրա հետ» - եզրակացրել է փորձառու գրոսմայստերը: