Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը կհետեւի Ժորա Հովհաննիսյանին

Սպորտ
042985ecce1d2728b8478a4da4706787

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատրաստվում է դիտել մեր երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանի խաղը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Առայժմ դիտել եմ 3 ակումբների` «Փյունիկի», «Գանձասարի» եւ «Ուլիսի» մասնակցությամբ հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, քանի որ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել եւ թիմերն իրենց լավագույն մարզավիճակին չեն հասել: Նախատեսում եմ դիտել նաեւ արտասահմանյան այն թիմերի հանդիպումները, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Մասնավորապես, դիտելու եմ «Կուբանի» եւ Մոսկվայի «Դինամոյի» հանդիպումները, ինչպես նաեւ Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումը` Ժորա Հովհաննիսյանի խաղին հետեւելու նպատակով» - Վարդան Մինասյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Ժորա Հովհաննիսյանը հանրահայտ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին է:

Վարդան Մինասյանը ներկայումս գտնվում է Անթալիայում, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում մեր 5 ակումբները` «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», «Ուլիսը» եւ «Ալաշկերտը»:

Ի դեպ, այսօր Անթալիա է մեկնել նաեւ Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս մեր ազգային թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը, սակայն Վարդան Մինասյանը չի պատրաստվում հետեւել իր սանի խաղին, քանի որ լիովին վստահում է նրան: