Լուրջ փորձություն Հենրիխ Մխիթարյանի համար
Այսօր լուրջ փորձություն է սպասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմին`Դոնեցկի «Շախտյորին»:
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Ուկրաինայի չեմպիոնը սեփական «Դոնբաս Արենա» մարզադաշտում հյուրընկալելու է Գերմանիայի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»:
Գերմանիայի գործող չեմպիոնը այն 4 թիմերից է, որը դեռեւս պարտություն չի կրել չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: «Բորուսիան» շատ հաջող է հանդես գալիս ուկրաինական թիմերի դեմ: Նախկինում կայացած 6 խաղերում գերմանացի ֆուտբոլիստները 5 հաղթանակ են տոնել, իսկ մեկ հանդիպում ավարտել են ոչ-ոքի:
«Շախտյորն» ու «Բորուսիան» եվրոգավաթներում հանդիպել են մեկ անգամ: 2001-02 թթ չեմպիոնների լիգայի որոկավորման փուլում երկու խաղերն էլ ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով` 2:0, 3:1:
Բուքմեյքերների կարծիքով այս խաղում ֆավորիտ չկա եւ երկու թիմերի շանսերը լիովին հավասար են. 1- 2.72 գործակից, x - 3.45, 2 - 2.72:
Այսօր տեղի կունենա չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ամենակենտրոնական հակամարտությունը: Միմյանց հետ կհանդիպեն Իսպանիայի եւ Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբները` «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես տեղեկացնում են վիճակագիրները, կողմերի հարաբերություններում թեթեւակի առավելություն ունի իսպանական թիմը` 3 հաղթանակ, 3` ոչ-ոքի, 2` պարտություն: Անգլիացիները Իսպանիայի մայրաքաղաքում առայժմ հաղթանակ չեն տարել:
Եթե հաշվի առնենք թիմերի գլխավոր մարզիչների փոխհարաբերություները, ապա «Ռեալի» ղեկավար Ժոզե Մոուրինյոն շոշափելի առավելություն ունի Ալեք Ֆերգյուսոնի նկատմամբ` +6=5-3: Սակայն նրանց վերջին երկու հակամարտությունները ավարտվել են շոտլանդացի մասնագետի առավելությամբ` 0:0, 2:0:
Ուշագրավն այն է, որ բուքմեյքերները «Ռեալին» բացահայտ ֆավորիտ են համարում. 1- 1.61, x - 4.65, 2 - 5.30: