A
A
Վլադիմիր Ենգիբարյանի վերջին նվերը
Երեւանում անցկացվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան մրցանակների բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը այսուհետ նվիրվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին:
Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 3-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում կայացած անվանի բռնցքամարտիկի հոգեհանգստյան արարողության ավարտից հետո ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ իր անվան մրցաշարը այսուհետ կկրի Վլադիմիր Ենգիբարյանի անունը: Այն կլինի ավանդական եւ դարձյալ կհովանավորվի Գագիկ Ծառուկյանի կողմից:
Հիշեցնենք, որ անվանի բռնցքամարտիկը մահացել է այս տարվա փետրվարի 1-ին, Լոս Անջելեսում: