Լեւոն Արոնյանը դժգոհ է
«Հիշելով այն դիրքերը, որոնք ստացել եմ պարտիաների ժամանակ, չեմ կարող գոհ մնալ իմ ելույթներից: Մի քանի 100 տոկոսանոց պահեր ես իրոք կորցրել եմ: Սակայն երկրորդ տեղը այնքան էլ վատ արդյունք չէ», - Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի ավարտից հետո հայտարարել է մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը:
Ինչպես նշում են մասնագետները, Լեւոն Արոնյանը երեկ պետք է հաղթեր իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային, սակայն վերջում սխալ է խաղացել եւ կրկին բավարարվել է ոչ-ոքի արդյունքով:
«Այս պարտիայում իմ մոտ դարձյալ անհասկանալի մթագնում տեղի ունեցավ, ինչպես Կարյակինի հետ խաղում: Ես պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատեմ» - նշել է Լեւոն Արոնյանը:
Նշենք, որ Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարը մեծ առավելությամբ հաղթեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: Լեւոն Արոնյանը նրանից ետ մնաց 1,5 միավորով: Մրցականային երրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը` 8 միավոր:
Բ խմբում հանդես եկող մեր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը 8,5 միավորով բաժանեց 3-4-րդ տեղերը: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ց խմբի մրցաշարում վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: