Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ» ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քաղաքականություն

Հայաստանի 6 700 քաղաքացի ընդունում են, որ ներկայումս Հանրապետությունում գոյություն ունեն քաղաքական բանտարկյալներ: ՀՀ Գլխավոր դատախազության առջեւ մի քանի շաբաթ տեւող բողոքի ակցիայի ժամանակ, ընդհանուր առմամբ հավաքվել է ուղիղ 6 700 ստորագրություն՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Ստորագրությունների թիվն, ի դեպ, կարող էր լինել ավելի շատ, սակայն, հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիները սկզբունքորեն համամիտ են քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին, բայց չեն ստորագրում դատախազությանը հանձնվելիք փաստաթուղթը այն պարզ պատճառով, որ այդ թղթում պետք է նշվի ստորագրողի անուն-ազգանունն ու հասցեն: Այդպիսի քաղաքացիներից մեկն օրինակ իր որոշումը հիմնավորեց նրանով, որ Հայաստանում այսօր 36 թիվն է դարձել:

Եթե դատախազության առջեւ կազմակերպվող նախորդ ակցիաների ստորագրահավաքներն անվանական էին յուրաքանչյուր քաղբանտարկյալի համար, ապա այսօրվանից արդեն դրանք ընդհանուր են: Արդարադատություն է պահանջվում միանգամից երեք քաղաքացիների համար՝ Վաղարշակ Հարությունյանի, Լավրենտի Կիրակոսյանի (որոնք դեռեւս ձերբակալված են) եւ Սուրեն Սուրենյանցի համար, որն ազատ է արձակվել, բայց նրա հանդեպ հարուցված քրեական գործը դեռ վարույթում է:

Գաղտնիք չէ, որ մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու համար նախ եւ առաջ ընդունվել է քաղաքական որոշում, բայց ակցիայի կազմակերպիչները համոզված են նաեւ, որ իրենց գործունեությունը նույնպես ազդեցություն ունեցել է: Եթե նույնիսկ Հայաստանում չմնա որեւէ քաղաքական բանտարկյալ, ապա բողոքի ակցիաները շարունակվելու են: Փոխվելու է պարզապես դրանց ձեւը, որը դեռեւս մշակում են հասարակական կազմակերպությունները:

Իսկ հետագա բողոքների նպատակն այն է, որ Հայաստանում կայացվում են անարդարացի վճիռներ, մարդիկ անհիմն ձերբակալվում են 2 ամիս ժամկետով, հետո հանցակազմի բացակայության պատճառով ազատ են արձակվում:

«Որեւէ մեկը դրա համար պատասխան չի տալիս», - նշում են բողոքի ակցիայի մասնակիցները: Դատախազության առջեւ ստորագրահավաքը դեռեւս շարունակվելու է: