Պայքարը շարունակում են 5 բռնցքամարտիկ
Կալինինգրադում անցկացվող «Օլիմպիական հույսեր» անունը կրող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար շարունակում են պայքարել 5 մարզիկ:
49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը առաջին մարտում 17։12 հաշվով հաղթեց ուկրաինացի Նազար Կուրոտչինին եւ մտավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի հունգարացի Իշտվան Լակատոշի հետ: 52 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը լարված պայքարում պարտության մատնեց բելառուսցի Դմիտրի Ստրիգելսկուն` 17:16։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Ստեֆան Իվանովը:
56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչ փուլի մարտում ուժերը կչափի բելառուսցի Դմիտրի Ժուկովի հետ: 64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանը 16:8 հաշվով հաղթելով հունգարացի Յոզեֆ Հերցեգին, մտել է քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ։
Գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը պայքարը կսկսի այսօր, հունգարացի Գաբոր Օրբանի հետ մենամարտով:
Իսկ ահա 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը մեկնարկային մարտերում պարտվեցին համապատասխանաբար ադրբեջանցի Էլվին Իսաեւին ու վրացի Զաaլ Կվաչատաձեին եւ դուրս մնացին հետագա պայքարից։
Հավելենք, որ Եվրոպայի «Օլիմպիական հույսեր» առաջնությունը անցկացվում է առաջին անգամ: Մրցաշարի արդյունքներով որոշվելու են 2013 թ ուսանողական միջազգային խաղերի մասնակիցները: