Դեմ են քվեարկել
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հերթական` թվով 41-րդ վեհաժողովում, քվեարկությամբ որոշվել է անցկացնել եվրոպական օլիմպիական խաղերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանի պատվիրակությունը` հանձինս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի եւ ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանի, դեմ է քվեարկել այդ որոշմանը, քանի որ առաջին խաղերը պետք է տեղի ունենան 2015 թվականի հունիսին, Բաքվում:
Նշենք, որ եվրոպական օլիմպիական խաղերի ծրագրում նախատեսվում է ընդգրկել այն մարզաձեւերը, որոնց միջազգային ֆեդերացիաները կտան իրենց համաձայնությունը: Առայժմ ցանկություն են հայտնել նետաձգության, բադմինթոնի, բռնցքամարտի, կանոեի, սուսերամարտի, ձյուդոյի, հրաձգության, հանդբոլի, ռեգբիի, վոլեյբոլի, եռամարտի, սեղանի թենիսի ֆեդերացիաները: