ՀՖՖ-ն հրաժարվել է կանանց հավաքականներից
Հայաստանի ֆուտբոլի կանանց տարբեր հավաքականները չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքով ասել է ՀՖՖ հավաքական թիմերի եւ մասսայական ֆուտբոլի բաժնի պետ, «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանը:
«Կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում նոր աճ է սկսել ապրել: Մինչ այդ ունեցել ենք մինչեւ 17, 19 տարեկանների եւ ազգային հավաքականներ, որոնցից հրաժարվել ենք եւ որոնք այս տարի չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին, քանի որ որոշեցինք, որ ավելի ճիշտ է կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում սկսել ավելի փոքր տարիքի խմբերից: Այսօրվա դրությամբ հանրապետությունում ունենք ակտիվ պարապմունքներ անցկացնող 5 թիմ` 2-ը Երևանում, մեկական`Արթիկում, Արարատի եւ Արմավիրի մարզերում: Ցանկալի կլինի, որպեսզի ֆուտբոլով զբաղվող կանանց թիվը հետագայում ավելանա» - հայտարարել է Մարինա Թաշչյանը:
Հավելենք, որ ՀՖՖ վերջերս միջոցառում է կազմակերպել ՈՒԵՖԱ-ից ժամանած հյուրերի համար, որոնք եկել են պարզելու, թե ինչպես է ընթանում կանանց ֆուտբոլի զարգացումը մեր երկրում: