Հայաստան կժամանեն 68 երկրներ
Նոյեմբերի 28-ին Երեւանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն 68 երկրներ:
Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:
Արման Մուրադյանը ասաց, որ ամեն ինչ պատրաստ է առաջնությունը անցկացնելու համար: Դրա համար հատուկ ձեռք է բերվել երկու նոր ռինգ, որը բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջն է: Մրցաշարը կազմակերպելու համար ընդհանուր առմամբ ծախսվելու է 340 մլն դրամ գումար:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին տեղի կունենա առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Մենամարտերը կանցկացվեն նոյեմբերի 29-ից, ամեն օր, ժամը 14-ից: Հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 7-ին:
ՀԲՖ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ ֆեդերացիան թիմի առաջ խնդիր է դրել նվազագույնը մեկ ոսկե մեդալ նվաճել առաջնությունում:
Ի դեպ, օրերս առաջնությանը մասնակցելուց հրաժարվեցին Կոնգոյի, Գվինեայի եւ Մոլդովայի ֆեդերացիաները:
«Կոսովոն նույնպես մասնակցելու հայտ էր ներկայացրել, սակայն մենք չենք կարող ընդունել այդ երկրի ներկայացուցիչներին, քանի որ դիվանագիտական կապեր չունենք», - պարզաբանեց ՀԲՖ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: