Հենրիխ Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց
Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության նոր ռեկորդ սահմանեց:
15-րդ տուրի Դոնեցկի «Մետալուրգի» հետ խաղում մեր ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ եւ իր գոլերի քանակը հասցրեց 16-ի: Մինչ այդ Ուկրաինայի առաջնությունում ոչ մեկին չէր հաջողվել առաջին շրջանում այդքան գոլ խփել:
Հենրիխ Մխիթարյանը շատ լավ հնարավորություն ունի գերազանցելու նաեւ Սերգեյ Ռեբրովի եւ Մաքսիմ Շացկիխի (երկուսն էլ «Դինամո» Կիեւ) սահմանած բացահայտ ռեկորդերը, որոնք մեկ մրցաշրջանում դարձել են 22 գնդակի հեղինակ:
Ի դեպ, մեր ֆուտբոլիստը ուկրաինական թիմերում հանդես գալիս արդեն խփել է 50 գոլ: Հենրիխ Մխիթարյանը այդ երկրի առաջնությունում դարձել է 41 գոլի հեղինակ, գավաթի խաղարկությունում` 3, եվրոգավաթներում` 6:
Հարկ է նշել, որ «Շախտյորը» նույնպես մի քանի ռեկորդներ սահմանեց: Դոնեցկյան թիմը դարձավ առաջինը, որը հաղթանակներ տարավ առաջին շրջանի բոլոր խաղերում: «Շախտյորը» 14 միավոր շատ է վաստակել, քան իրեն հետապնդող «Դնեպրը» եւ Կիեւի «Դինամոն», ինչը նույնպես առաջնության նոր ռեկորդ է: