Ձյուդոյիստները Արմավիրում, բռնցքամարտիկները` Ծաղկաձորում
Հայաստանի ձյուդոյի Մ-23 տարեկանների հավաքականը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքին մասնակցում են 6 ձյուդոյիստ. Գրիգոր Իվանյան (60 կգ), Գոռ Հարությունյան, Տիգրան Վարոսյան (66 կգ), Արտյոմ Բաղդասարյան, Անդրանիկ Չափարյան, Մհեր Կարապետյան (81 կգ): Հավաքականը գլխավորում է ավագ մարզիչ Տիգրան Բաբայանը:
Հայաստանի ընտրանին պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 4 մարզիկ` Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը եւ Արտյոմ Բաղդասարյանը:
Իսկ ահա Հայաստանի բռնցքամարտի երիտասադական հավաքականը այս օրերին ուսհավաք է անցկացնում բարձրլեռնային Ծաղկաձորում: Մեր մարզիկները գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի ղեկավարությամբ պատրաստվում են նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: