Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ

Սպորտ
3be6defbb4fdcc38a41644ccfc794b0f

«Կարծում եմ, որ մեր բախտը այսօր բերեց, որովհետեւ «Շիրակի» նման հզոր թիմ այսօր Հայաստանում գրեթե չկա: Ոչ-ոքին մեր համար շատ լավ արդյունք էր, քանի որ ամբողջ խաղը «Շիրակն» էր տնօրինում: Ես շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին նվիրվածության համար, իսկ խաղով շիրակցիները մեծ առավելություն ունեին» - Հայաստանի ֆուտբոլի առաջնության հետաձգված «Բանանց» - «Շիրակ» խաղից հետո ասաց դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

«Այսօր էլ գործեց ֆուտբոլում չգրված օրենքը: Ունենալով խաղային առավելություն՝ գոլային բազմազան պահեր, մենք չկարողացանք հաղթանակ ապահովել: Իսկ ահա «Բանանցը» երկու գրոհ կազմակերպեց, որից մեկը ավարտվեց մեր դարպասի գրավումով: Ֆուտբոլ է, այդպես էլ է պատահում: Ժամանակ չունենք վերլուծելու խաղը, քանի որ արդեն նոյեմբերի 11-ին մեզ սպասում է «Միկայի» հետ անչափ կարեւոր հանդիպում» - խաղն այդպես մեկնաբանեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Եւ, իրոք, խաղի ժամանակ շիրակցիները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն իրացրին միայն մեկը, այն էլ 11 մ հարվածով (Անդրանիկ Բարիկյան), իսկ ահա «Բանանցը» խաղի վերջում վտանգավոր հակագրոհ ձեռնարկեց եւ Արտակ Դաշյանը հեռահար հարվածով հավասարացրեց հաշիվը` 1:1: Ի դեպ, այդ պահին «Բանանցը» 10 հոգով էր մնացել, քանի որ երկրորդ դեղին քարտ ստանալու համար 75-րդ րոպեին դաշտից հեռացվեց պաշտպան Արտաշես Առաքելյանը:

Այս ոչ-ոքիից հետո «Շիրակը» վաստակեց 56 միավոր եւ մնաց երկրորդ տեղում, իսկ «Բանանցը» 19 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը:

Այսօր կայացած մյուս հետաձգված խաղում Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Փյունիկին» եւ 5-րդ տեղից բարձրացավ 4-րդ հորիզոնական:

«Ուլիս»- «Արարատ» խաղը եւս  ավարտվեց 0։0։