Հանդես կգա երիտասարդական կազմը
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 2012 թ եվրոպական ազգերի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-11-ին, Մոսկվայում:
Այդ մրցումներում մեր ըմբիշների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ մոսկովյան ստուգատեսին իրենք հանդես կգան երիտասարդական կազմով:
«Մեր առաջատար ըմբիշները այժմ պատրաստվում են նոյեմբերի 23-25-ին Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը, որի արդյունքներով կձեւավորենք հավաքականի նոր կազմը: Մենք որոշեցինք Մոսկվա մեկնել երիտասարդ ըմբիշներով, որպեսզի նրանք միջազգային փորձ ձեռք բերեն եւ հանկարծակիի չգան մեծահասակների շարքը լրացնելիս»: