Հոլանդիայում 25 ֆուտբոլասեր ձերբակալվել է
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի «Այաքս» - «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ Ամստերդամի ոստիկանությունը 25 ֆուտբոլասեր է ձերբակալել:
Ինչպես տեղեկացնում են հոլանդական լրատվամիջոցները նրանք խախտել են հասարակական կարգը: Ֆուտբոլասերների մոտ հայտնաբերվել են թմրանյութ, ճայթրույքներ եւ արցունքաբեր գազեր:
Բոլոր ձերբակալվածները կանգնելու են դատարանի առջեւ: Նման խախտումների համար հիմնականում նախատեսվում է 600 եվրո տուգանք:
Իսկ ահա Սերբիայի սահմանապահները Բելգրադի «Պարտիզան» թիմի 300 երկրպագուներին թույլ չեն տվել մեկնել Իտալիա: Բանն այն է, որ Եվրոպայի լիգայի շրջանակում այսօր Միլանում հանդիպելու են տեղի «Ինտերն» ու «Պարտիզանը»:
Երկու երկրների ֆուտբոլասերների հարաբերությունը բավական լարված է այն բանից հետո, երբ երկու տարի առաջ սերբ երկրպագուների պատճառով անավարտ է մնացել Եվրոպայի առաջնության Իտալիա - Սերբիա ընտրական հանդիպումը:
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ մոտ 4000 սերբ ֆուտբոլասերներ պատրաստվում են այցելել Միլան: «Պարտիզանի» ղեկավարությունը խաղի տոմս չունեցող երկրպագուներին կոչ է արել հրաժարվել այդ ճանապարհորդությունից, իսկ ունեցողներին հորդորել է հարգանքով վերաբերվել մրցակից թիմի երկրպագուներին: