Մարմնավաճառները ՀՀ են գալիս հյուրախաղերի
2012թ. ՀՀ-ում հաշվառված է 240 մարմնավաճառ, մինչդեռ 2011թ. նրանց թիվը կազմել է 217:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիվ բաժնի հատուկ-կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը նշեց, որ մարմնավաճառների հաշվառում ոստիկանությունը սկսել է 2006թ.:
Ըստ նրա՝ մարմնավաճառները բաժանվում են մի քանի կատեգորիայի՝ նրանք, որոնք մշտապես փողոցում են եւ գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում, նրանք, որոնք հյուրախաղերով եկել են ՀՀ ու չեն վերահսկվում, ինչպես նաեւ՝ կան էլիտար մարմնավաճառներ, որոնք հեռախոսազանգերով են գնում հաճախորդների մոտ: «Մարմնավաճառությունը դժվար ապացուցվող հանցագործություն է, քանի որ չկա տուժող. տուժողը հասարակությունն է»,- հայտարարեց պարոն Սրապյանը:
Ինչ վերաբերում է մարմնավաճառության կանխարգելմանը, ապա նա նշեց, որ ոստիկանությունն իր տեսադաշտում է պահում նրանց շարժը. «Օրինակ՝ տեղամասային տեսուչը առնվազն ամիսը մեկ անգամ հանդիպում է մարմնավաճառների հետ, փորձում հետ պահել նրանց սխալ ուղուց ու հնարավորինս անում է ամեն ինչ միջնորդելու՝ մարմնավաճառին տեղավորելու աշխատանքի. «Սակայն նրանց քիչ մասն է համաձայնվում, քանի որ հիմնականում կրթական ցենզ չունեցող ու մասնագիտություն չունեցող կանայք են»:
Իսկ տարիքային խմբերը տարբեր են՝ ամենից շատ մարմնավաճառները 18-25 տարեկաններն են, իսկ 45 եւ բարձր տարիքի կանայք կազմում են ընդամենը 3 տոկոս, անչափահաս մարմնավաճառներ չկան: «Մարմնավաճառությունը դա ազգային անվտանգության խնդիր է, քանի որ նրանք պետք է մայր դառնային ու երեխա դաստիարակեին»,- ասաց Արա Սրապյանը:
Ոստիկանությունում ինը ամիսների տվյալներով հաշվառված մարմնավաճառներից 160-ը վարակված է տարբեր սեռավարակներով:
Իսկ Մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիական կենտրոնի պոլիկնիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանը նշեց, որ իրենց կենտրոնում հետազոտված մարմնավաճառներից 60 տոկոսի մոտ ամեն տարի հայտնաբերվում են տարբեր տեսակի հիվանդություններ՝ ամենատարածված են նոր սերնդի հիավանդությունները՝ սեռական օրգանների հերպեսը, տրիխոմանիան. «Գրանցում ենք հիվանդության խրոնիկական դեպքեր ու գալիս է մի պահ՝ նրանց մոտ հիվանդությունը սրվում է: Իսկ տարեկան երկու-երեք հիվանդ էլ հայտանաբերում ենք ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիր: Ի դեպ, մարմնավաճառությունը դա բիզնես է. ինչու նա իր գումարի մի մասը չպիտի օգտագործի իր առողջության համար: Նաեւ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր մարմնավաճառի գրպանում կամ պայուսյակում կան պահպանակներ, այլ բան է, եթե կլինետը չի ցանկանում պահպանակ»: