Գարիկ Հարությունյանը 3-րդն է Եվրոպայում
Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մեր ձյուդոյիստներից առավել հաջող հանդես եկավ վանաձորցի Գարիկ Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նա 55 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը` տանելով 4 հաղթանակ եւ կրելով մեկ պարտություն:
Ի դեպ, Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողին երկու անգամ մրցակից են բաժին հասել Ադրբեջանի ներկայացուցիչները, եւ երկու դեպքում էլ Գարիկ Հարությունյանը հաղթանակով է թողել տատամին:
66 կգ քաշայինների մրցումներում Գեւորգ Թորոոսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտվեց հոլանդացի Ջորդի Բակեսսին եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Ղազարյանը առաջին գոտեմարտում հաղթեց թուրք Թոփալ Օգուզ Խանին, այնուհետև պարտվեց պորտուգալացի մրցակցին եւ ավարտեց ելույթները:
60 կգ քաշային Արսեն Ղազարյանը առաջին գոտեմարտում պարտվեց Եվրոպայի չեմպիոն Զաուր Կալաշովին եւ դուրս մնաց պայքարից: Նույն քաշային կարգում Արսեն Թովմասյանը նախ հաղթանակ տարավ, ապա պարտվեց եւ նույնպես ժամանակից շուտ թողեց ասպարեզը:
Այսօր տատամի կմտնեն գյումրեցի Արտավազդ Հովսեփյանը (73 կգ) եւ չարենցավանցի Մհեր Թավաքալյանը (81կգ):