Հայաստանը որակազրկվեց
Հայաստանի ուշուիստները իրավունք չունեն մասնակցելու 2014 թ Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:
Այս տարի Տալինում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո ՀՈՒՖ-ը ,դժգոհելով մրցավարությունից, նամակ է ուղարկել ուշուի եվրոպական եւ ազգային ֆեդերացիաներին` պահանջելով որակազրկել եւ այլեւս չվստահել առաջնության գլխավոր մրցավար Ալեքսանդր Ռանդունցեւին: Սակայն ուշուի Եվրոպայի ֆեդերացիան քննարկելով այդ հարցը, որոշում է կայացրել որակազրկել ոչ թե մրցավարին, այլ ... Հայաստանի ֆեդերացիային:
Տիգրան Չոբանյանը համաձայն չէ այդ որոշման հետ եւ մտադիր է դիմել տարբեր ատյաններին, այդ թվում ՄՕԿ-ին:
Հարկ է նշել, որ ուշուն օլիմպիական մարզաձեւ չէ, ուստի միջազգային օլիմպիական կոմիտեն դժվար թե ընթացք տա այդ գործին: