Հայաստանը կմրցի գործող չեմպիոնի հետ
Ստամբուլում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց մրցաշարում չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք դեռեւս միավոր չեն կորցրել:
Սակայն այսօր կայանալիք 5-րդ տուրում դրանցից երկուսը միանշանակ առաջին կորուստները կկրեն, քանի որ թիմերը հանդիպելու են միմյանց հետ (ոչ-ոքու դեպքում միավոր կկորցնեն բոլորը):
Շվեյցարական մրցակարգի հաշվարկով Հայաստանը կհանդիպի նախորդ օլիմպիադայի հաղթող Ուկրաինայի ընտրանու հետ: Մեր թիմը հանդես կգա նույն կազմով. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան:
Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը կլինի Անգլիայի ազգային թիմը, որը 4 միավորով ընթանում է 66-րդ տեղում: Մեր ընտրանին այսօր կխաղա փոփոխված քառյակով. Էլինա Դանիլյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան (փախարինել է Լիլիթ Գալոյանին):
Համաշխարհային օլիմպիադային զուգահեռ անցկացվող պատանի շախմատիստների օլիմպիադայում մեր 16 տարեկան շախմատիստների ընտրանին չորս տուրից հետո վաստակել է 11 միավոր եւ Սերբիայի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Այսօր մերոնք կխաղան հենց սերբ պատանի շախմատիստների հետ: