Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիադա, բայց շախմատային

Սպորտ
47e186bb7b4501ddf9e4b54930f9a11c

Այսօր Ստամբուլում կմեկնարկի շախմատի հերթական օլիմպիադան:

Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն աշխարհի 158 երկրների ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացել է մարտական կազմով. 1-ին խաղատախտակ՝ Լեւոն Արոնյան, 2-րդ՝ Սերգեյ Մովսեսյան, 3-րդ՝ Վլադիմիր Հակոբյան, 4-րդ՝ Գաբրիել Սարգսյան, 5-րդ՝ Տիգրան Լ. Պետրոսյան: Մեր ընտրանին իր վարկանիշով (2724) 3-րդն է օլիմպիադայում եւ ետ է մնում Ռուսաստանից (2769) եւ Ուկրաինայից (2730):

Ըստ մասնագետների հենց այս երեք երկրներն էլ հանդիսանում են մրցաշարի գլխավոր ֆավորիտներ: Դրանց հետ մեդալների համար պայքար կմղեն նաեւ փորձառու շախմատիստներով համալրված ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Իսրայելի, Հունգարիայի, Չինաստանի եւ Բուլղարիայի հավաքականները:

Աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հերթական անգամ հրաժարվել է գլխավորել իր երկրի հավաքականը: Աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կառլսենը նույնպես չի օգնի իր երկրին՝ Նորվեգիային, քանի որ նա հրաժարվում է մասնակցել ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող մրցաշարերին:

Կանանց մրցաշարում հանդես կգան 131 հավաքական: Հայաստանի ընտրանին, որի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, իր վարկանիշով 8-րդն է (2404): Այս մրցումներում ֆավորիտ են համարվում Չինաստանի (2531), Ռուսաստանի (2513) եւ Վրաստանի (2490) հավաքականները:

Ի դեպ, հայազգի շախմատիստներ կան նաեւ այլ երկրների թիմերում: ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականում 4-րդ խաղատախտակի վրա հանդես կգա Վարուժան Հակոբյանը, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի ընտրանու պահեստային շախմատիստն է: ԱՄՆ-ի կանանց հավաքականի 5-րդ համարը մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանն է: Լիբանանի թիմում 3-րդ խաղատախտակը կներկայցնի Դանիելե Բեդրոսյանը:

Նշենք, որ այսօր տեղի կունենա օլիմպիադայի վիճակահանությունը: Առաջին նախատեսված է վաղը՝ օգոստոսի 28-ին:

Երկու մրցաշարերը անցկացվելու են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: