Սիսիանի պատվիրակությունը կմեկնի Մոնտելիմար
Այս տարվա մարտ ամսից Սիսիանի նախակրթարաններում ժամեր են հատկացված ֆրանսերեն լեզվի դասավանդման համար: Թիվ 4 մանկապարտեզի փոքրիկները ֆրանսերենով ողջունում են աշխատանքային այցով Սիսիան ժամանած ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի 9 հոգանոց պատվիրակությանը:
Մոնտելիմարի հետ քույր քաղաքի հուշագիր Սիսիանը ստորագրել է 2011թ.-ի դեկտեմբեր ամսին, տեղում գործող ՙՀայկական մշակույթ եւ պատմական հիշողություն՚ ասոցիացիայի նախաձառնությամբ:
Քույր քաղաքի պատվիրակության կազմում առոջապահության, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների ընդգրկումը նպատակ ուներ, մոտիկից ծանոթանալ հատկապես նշված ոլորտներին, ուրվագծել հետագա անելիքները:
«Այն հարաբերությունները, որ սկիզբ դրվեցին Մոնտելիմար եւ Սիսիան քաղաքների միջեւ, արդեն ամուր հիմքերի վրա են: Այս այցելությունից հետո կստորագրվի մի նոր համաձայնագիր, որոում կամրագրվեն քույր քաղաքների միջեւ համագործակցության կոնկրետ ոլորտները: Այն, որ Սիսիանում մեզ ջերմ հյուրասիրության արժանացրին չեմ կարող ժխտել, նույնքան անժխտելի է այն փաստը, որ այստեղ անկեղծորեն ցանկանում են փորձի փոխանակման ճանապարհով քայլ կատարել դեպի առաջ» ,- նշում է Մոնտելիմարի քաղաքապետարանի ՙՔույր քաղաքներ՚ կոմիտեի նախագահ Ժան Կլոդ Ումբերը:
Վերջինիս եւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջին իսկ հնարավորության դեպքում Սիսիան կհրավիրվեն Մոնտելիմարի հետ քույր քաղաքի հուշագիր ստորագրած մյուս 7 քաղաքների պատվիրակները եւս, տեղում սիմպոզյում կկազմակերպվի:
Սիսիանի նախակրթարաններում, արվեստի եւ մշակույթի օջախներում, առողջապահական հաստատությունում տեսածն ու արձանագրածը պատվիրակության անդամները կքննարկեն Մոնտելիմար հասնելուն պես:
Մոնտելիմարի փոխքաղաքապետ Ֆրանսուաս Սկաթմալը Սիսիանում էր մասնագիտությամբ բժիշկ ամուսնու` Սլա Թեբիբի հետ: Սիսիանի բժշկական կենտրոն այցելելուց հետո պարոն Թեբիբը խոստացավ իր անձնական միջոցներից ժամանակակից ռենտգեն սարքավորումներ տրամադրել բուժհաստատությանը:
Կարեւորվեց նաեւ դպրոցահասակ երեխաների, ինչու չէ նաեւ ընտանիքների փոխանակման ծրագրի իրականացումը: Ֆրանսիական կողմը պատրասակամություն հայտնեց արվեստի եւ մշակույթի ոլորտի մանկավարժների, բուժաշխատողների փորձի փոխանակում իրականացնել Մոնտելիմարում: ՙԿարեւորն այն է, որ Մենտելիմարի մեր բարեկամները մշակութային ոլորտի աջակցությունից զատ, պատրաստակամ են նաեւ տնտեսապես նեցուկ լինել մեզ՚,- նշեց Աղասի Հակոբջանյանը:
Մոնտելիմարի կոնսերվատորիայի տնօրեն Ժերոն Կոստանը լինելով քաղաքի մշակութային օջախներում նկատել է տեղի երաժշտական գործիքները վերանորոգման ու պահպանման լուրջ խնդիր կա, այդ առումով հարցը քննարկման խնդիր ունի:
Աշխատանքային այցի արդյունքները ամփոփվեցին Սիսիանի քաղաքապետի հետ: Հստակեցվեց սեպտեմբերի կեսերին Սիսիան կայցելի Մանտելիմարի քաղաքապետ Ֆրանկ Ռեյների գլխավորած պատվիրակությունը:
Քույր քաղաքի հրավերով Սիսիանի պատվիրակությունը Մոնտելիմար կմեկնի 2013թ.-ի հունվարին: Արվեստագետ Աշոտ Ավագյանը եւս հրավեր ստացավ: Մոնտելիմարում կցուցադրվեն նրա ստեղծագործությունները:
Սիսիանի քաղաքապետը պատվիրակության անդամներին հուշանվերներ հանձնեց:
Արմեն Հովակիմյան
Սիսիան