Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Բեգլարյանը փորձում է քայլեր կիրառել»

Հարցազրույց
f96adef62b2bbd77f1039285a3011b3c

 

Աբովյան եւ Չարենցավան քաղաքների երթուղիները սպասարկող ավտոբուսների վարորդներն այսօր  դուրս են եկել երթուղի, չնայած շարունակում են բողոքել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների գործունեության դեմ:

 Երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության ղեկավարությունը դիմել է տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին, ով, ըստ ընկերության ղեկավարության, փորձում է քայլեր կիրառել:

 Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու նրա սանիկ,  «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի ջրերը մի առվով չհոսեցին, երբ սանիկը ընտրություններից առաջ որոշեց հանրապետական դառնալ եւ աշխատել այլ թիմի համար:

Որոշ տեղեկություններով, կոնֆլիկտն այնքան է խորացել, որ Արթուր Հարությունյանը դրա պատճառով Հայաստանում չէ: Մի քանի հարց ուղղեցինք ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին:

 - «Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամը ի պատասխան ձեր բողոքի հայտարարեց, որ բարեգործությունը շարունակելու է, ի՞նչ եք պատրաստվում անել:

 - Ո՞ւմ հաշվին է շարունակելու: Գոնե թող բարի լինեն այդ դեպուտատ կոչեցյալները փորձեն կարդալ օրենքը ու հասկանալ' բարեգործություն ինչ է նշանակում, որ եթե մի բարեգործություն թույլտվություն չունի, չի կարելի բարեգործություն անել: Այսօր անօրինական  բարեգործություն են անում, ո՞ւմ հաշվին' մեր հաշվին, մեր ընկերության հաշվին: Լավ, ուզում է բարերարություն անել, փող փորձի ուրիշ երթուղիներ էլ մտնի, շատ երթուղիներ կան: Չէ, մտադրված մեր երթուղիների դեմ է, միտք ունի ոչնչացնե՞լ մեր ընկերությունը, ոչնչացնե՞լ աշխատատեղերը: 

 - Ասել է թե' դուք դիտավորությո՞ւն եք տեսնում կոնկրետ Ձեր ընկերության դեմ:

 - Միանշանակ: Ուրիշ ձեւ չեմ կարող հասկանալ: Մարդ պետք է իր կյանքում ստեղծարար լինի, ոչ թե քանդելաոճով մտածի:

 - Դուք եւ Արթուր Հարությունյանը հանրապետական եք, հնարավո՞ր է, դրա համար փորձում են Ձեզ ճնշել մարզում:

 - Մեզ չի կարա որեւէ մեկը փորձի ճնշի: Որեւէ մեկը չունի էդքան հնարավորություն, որ կարողանա մեզ ճնշի: Ինքը շատ-շատ կարա նման տիպի քայլեր անի, փորձի անօրինական բաների մեջ մտնել:

 - Դուք ասում եք' ապօրինի գործունեություն է ծավալում հիմնադրամը, ինչպե՞ս կարող է ապօրինի գործել, եթե կա տրանսպորտի եւ կապի նախարարություն, արդյոք նախարարությունը չի՞ վերահսկում իրավիճակը:

 - Մենք դիմել ենք համապատասխան մարմիններին եւ ստացել ենք պատասխան, որ նման անվճար բարեգործական երթուղի ոչ կառավարությունում է գրանցված, ոչ էլ համապատասխան թույտվություն է ստացել տրանսպորտի նախարարության կողմից: Այսինքն' ինքն այսօր գործում է անօրինական դաշտում, որն իրենց ոճի մեջ է, կարելի է ասել:

 - Եթե անօրինական է իրենց գործունեությունը, ինչո՞ւ նախարարությունը չի վերահսկում, որ դադարեցվի: 

 - Այդ հարցը պետք է իրենց տաք: Իհարկե մենք դիմել ենք: Նախկին նախարարից ոչ մի պատասխան չստացանք: Բայց այսօրվա նախարարի կողմից սպասելիքներ ունենք, որովհետեւ զգացվում է, որ քայլեր է փորձում կիրառել:

 - Դիմել եք Գագիկ Բեգլարյանի՞ն:

 - Այո: Մեզ համապատասխան բաժնից տեղյակ պահեցին, որ հարցը դրված է, որ ժամանակին այս անօրինականությունը վերացնեն: Դիմել ենք նաեւ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին:

 - Եթե լուծում չլինի, ի՞նչ եք անելու, շարունակելո՞ւ եք գործադուլը:

 - Գործադուլն անում են վարորդները: Ես կողմնակից չեմ գործադուլի միջոցով հարցեր լուծելուն, որովհետեւ երթուղիները պետական նշանակություն ունեն: Չի կարելի երթուղիները դադարեցնել, բայց վարորդների իրավիճակն էլ ենք հասկանում:

 - Հիմնադրամից ասում են, որ Ծառուկյանը բարեգործություն է անում, իսկ դուք դեմ եք իրենց բարեգործությանը:

 - Եթե բարեգործություն է ուզում անի, թող իր բիզնեսի հաշվին անի., ոչ թե մեր: Մենք միշտ էլ բարեգործություն արել ենք, ոչ մի անգամ չենք հայտարարել այդ մասին, որովհետեւ դա ընդունել ենք որպես պարտականություն: 2 հատ կամ 50 հատ ՊԱԶ առնելով՝ բարեգործ դառա՞ն:

 - Դիմելո՞ւ եք դատարան:  

 - Ոչ, սպասում ենք պատկան մարմինների պատասխանին:  

 

Զրուցեց Մարինե Խառատյանը