Ինքնասպանության հիմքում հասարակության անտարբերությունն է
Վերջին շրջանում հայաստանում ինքնասպանությունների աճի, դրանց պատճառների եւ հիմնախնդրի դեմ պայքարի միջոցների մասին «Ա1+»-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Կամո Վարդանյանի հետ:
-Վերջին շրջանում գրեթե ամեն օր լսում ենք ինքնասպանությունների մասին, դրանց թիվը կտրուկ ավելացել է, ինչո՞վ կպայմանավորեք այդ:
-Ինքնասպանությունների վիճակագրության համաձայն, վերջին 15-20 տարիներին ընդհանուր առմամբ, ինքնասպանությունների թիվը մեծացել է, բայց եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, թիվը մնում է հաստատուն՝ օրվա ընթացքում միջինը 1.5 -2 ինքնասպանություն Երեւան քաղաքում: Ինքնասպանությունների ցուցանիշը որոշում են յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող թվաքանակով:
Եթե 100 հազար բնակչին հասնում է մինչեւ 10 ինքնասպանություն, նշանակում է, որ հասարակությունը գտնվում է կոմֆորտային բարոյահոգեբանական հոգեվիճակում, եթե 10-20` կա հիմնախնդիր, բայց վիճակը ճգնաժամային չէ, իսկ 20-ից ավելիի դեպքում ունենք լուրջ խնդիր: ՀՀ-ում ամենամեծ ցուցանիշը Գյումրիում է` 19,8 : Այսինքն, մենք գտնվում եք միջին ցուցանիշում, ամենացածր թվաքանակը Վայոց Ձորում է 5,1 ինքնասպանություն՝ 100 հազար բնակչին:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ տարբերությունը մարզերի միջեւ , հավանաբար հետերկրարաշարժյան սինդրոմո՞վ:
-Իհարկե, դեռեւս կայունացված չէ երկրաշարժի գոտին, եւ դեռեւս հետտրավմատիկ սթրեսները ուղեկցում են այն մարդկանց, ովքեր երկրաշարժը տեսել են, սակայն հետազոտություններն ընթացքի մեջ են, մենք ուզում ենք այդ հարցը պարզաբանել: Բայց այն, որ այնքան չի ավելացել ինքնասպանությունները, ինչքան հաճախ որ դրանց մասին լրատվամիջոցներով են տեղեկատվություն տալիս, դա փաստ է:
-Այսինքն, ոչ թե դեպքերն են ավելացել, այլ ուղղակի ավելի շատ են դրա մասին գրո՞ւմ:
-Այո: Ավելի շատ է մամուլը լուսաբանում այդ երեւույթը: Խորհրդային շրջանում այդ ցուցանիշները գաղտնի էին պահվում, չէր ասվում դրա մասին, որովհետեւ ենթադրվում էր, որ խորհրդային մարդուն հարիր չէր ինքնասպանության դիմելը, դրա համար ցուցանիշերը ցածր էին:
-Եվ դա ճի՞շտ եք համարում:
-Մասնագիտական առումով, ինքասպանությունների հիմնախնդիրը դեստրուկտիվ է, անձի վրա այդպիսի տեղեկատվությունը բացասական ազդեցություն է ունենում, հետեւապես նման տեղեկատվության նկատմամբ պետք է ֆիլտրման մեթոդն օգտագործել, ինֆորմացիան տրամադրել այնպես, որ դիմացինի վրա ազդեցություն չունենա:
Երկրորդը, ինքասպանության մասին տեղեկությունները մեզ ոչինչ չեն տալիս, հետեւապես, տրված ինֆորմացիան էլ պետք է մասնագետը մեկնաբանի: Կան տեղեկատվության տրամադրման հատուկ տեխնոլոգիաներ, որոնց ազդեցության հետեւանքով մարդու մոտ չեն առաջանում դեստրուկտիվ հակումներ: Վերջին ժամանակներում շատացել է ինքնասպանության մի նոր շարժառիթ, երբ մարդիկ տարբեր բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են դնում, պարտվում են, հետո չեն կարողանում գումարը վճարել, եւ որպես իրադրությունից դուրս գալու ելք՝ ընտրում են ինքնասպանությունը: Այդ երեւույթի վրա պետք է բավականին մեծ ուշադրություն դարձնել տարբեր մակարդակներում, իսկ ինֆորացիան անպայման մեկնաբանեն մասնագետները: Սա կանխարգելման լավագույն տարբերակն է:
-Պարոն Վարդանյան, բացի ինքնասպանությունները, բավականին դաժան եւ արտասովոր հանցագործություններ են արձանագրվում վերջին շրջանում, սա ինչո՞վ է պայմանավորված: Կարծես հասարակության ընդհանուր հոգեվիճակը աղավաղված լինի: Ի՞նչն է փոխվել:
-Ցանկացած հանցագործություն, կամ ինքնասպանության ցանկացած դրսեւորումներ բոլոր ժամանակներում եղել են: Մենք ուղղակի գործ ունենք մի իրավիճակի հետ, որ նախկինում նման դեպքերը չեն մասսայականացվում, այսօր մեր աչքը, կամ ականջն անընդհատ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տեսնում ու լսում է այդպիսի դեպքերի մասին: Այո, վերջին ժամանակահատվածում ներընտանեկան, ներազգակցական հանցագործությունների, ագրեսիայի, սպանությունների թվաքանակը մի մոքր մեծացել է:
Ծնող-երեխա, երեխա -ծնող փոխհարաբերությունների մեջ օտարացման պրոցես է գնում, որի արմատները խորքային են` սկսած ներարգանդային զարգացումից. եթե կինն իր ապագա երեխային չի սիրում, իսկ վատագույն դեպքում կարող է նաեւ ատել՝ անցանկալի անձից հղիացած լինելու պատճառով, ապա հնարավոր է, որ պտղի վրա պրոյեկտում լինի, եւ ծնվելուց հետո մոր նկատմամբ երեխայի մոտ դրսեւորվի ագրեսիվ վարք, կամ հոգեբանական օտարացում: Նմանատիպ պատճառները բազմազան են:
-Իսկ արժեհամակարգի հետ խնդիր չունե՞նք:
- Մենք ունենք որոշակի խնդիր արժեհամակարգերի հետ կապված: Ի՞նչ արժեքներով է առաջնորդվում այսօրվա երիտասարդությունը: Ի՞նչ մոդելներ կան, որոնք ընդօրինակում են մեր երիտասարդները: Այդ արժեքներն այսօր բավականին շատ են` եւ դրական, եւ բացասական: Որոշ բասական արժեքներ մերը չեն եղել, այսօր մտել են մեր առօրյա:
-Ինչ ճանապարհով են դրանք հասնում լայն զանգվածներին, արդյոք հեռուստատեսությունն այստեղ անելիք չունի՞:
-Անշուշտ, ճանապարհներից մեկը հեռուստատեսությունն է: Ի՞նչ ենք այսօր տեսնում հեռուստասերիալներում, բեստսելլերներում, կամ այնպիսի ֆիլմերում, որոնք մեծ քանակությամբ ագրեսիա են պարունակում: Ես կողմնակից եմ նրան, որ ցանկացած տեղեկատվություն` ֆիլմերի ձեւով, վավերագրության, անպայման պետք է մասնագիտական մշակում անցնի, որպեսզի դիմացինի վրա չունենա բացասական նշանակություն. Մեր բոլորի խնդիրը մեկն է` հասարակության հոգեբանական ներդաշնակ զարգացում: Այսօր մենք առողջ հասարակություն ունենալու խնդիր ունենք:
Իսկ երբ տարբեր իրադրություններում մոդելներն աղավաղված են, երիտասարդների, հատկապես անչափահասների վրա, որոնց մոտ չկան ձեւավորված, կայացած մոդելներ, շատ բացասական ազդեցություն են ունենում,ապա նմանատիպ ելքերն էլ բազմազան են:
-Իսկ սոցիալական վիճակն ի՞նչ նշանակություն ունի:
-Ցանկացած դրսեւորում, այդ թվում ինքնասպանության դրսեւորում, մուլտիդիսցիպլինար երեւույթ է, այսինքն, բազմակողմանի, բազմաթիվ բաղադրամասերով պայմանավորված: Հետեւաբար, միայն շեշտել սոցիալական բաղադրիչը, գիտական չէ, որովհետեւ մենք գիտենք այնպիսի անձինք, որ առավել վատ սոցիալական պայմաններում են, բայց չեն կատարում հանցագործություն, սպանություն, կամ ինքնասպանություն: Հետեւաբար, խնդիրը պետք է դիտարկել բազմաթիվ հարթությունների մեջ:
Օրինակ, ագրեսիայի հատուկ ձեւ կա` գենետիկական ագրեսիա, երբ մեկ Y քրոմոսոմը անձի մոտ ավել է լինում, տվյալ մարդը ժառանգականորեն ագրեսիվ անձավորություն է, այսպիսի մարդիկ հակված են հանցագործություններ կատարելուն: Միեւնույն ժամանակ, սոցիալական միջավայրը, որտեղ անձի արժեքները սկսում են ձեւավորվել շատ կարեւոր է եւ ռեֆերանտային խմբերում ունենք մեծ աշխատանք կատարելու. դա ընտանիքն է, դպրոցը, կուրսը, որտեղ մարդն իր ժամանակի մեծ մասն է անցկացնում: Հսկայածավալ աշխատանքի կարիք կա այդ բնագավառում, իսկ մենք դեռ բավարար ուշադրություն չենք դարձնում, համարելով, որ ցանկացած ռեֆերենատային խումբ սուբյեկտիվ նշանակություն ունի:
Վերադանալով շատ ինքնատիպ ինքասպանությունների կամ սպանությունների թեեմային, ասեմ, որ այս հիմնախնդրի մեջ շատ կարեւոր է իմիտացիոն, ընդօրինակման մեխանիզմները. Ֆիլմի հորոսին դեռահասը ընդօրինակում է: Վերջին տասը տարվա ընթացքում կատարված հանցագործությունների հետազոտություններ կան, որոնք վկայում են, որ հանցագործությունների 80 տոկոսը վերցված է կոնկրետ ֆիլմերից, դրանք կոնկրետ մշակված մոդելներ են:
-Իսկ արդյո՞ք ֆիլմերի սցենարները վերցված չեն կյանքից:
-Այո, բայց դրանք ռեժիսորի երեւակայության արդյունք են: Ճիշտ է, կյանքից վերցրած դեպքերը իրենց մեջ պարունակում են բացասական դրսեւորումներ, բայց դրանք տեւական ժամանակատվածում են դրսեւորվում: Իսկ ֆիլմի ընթացքում ռեժիսորը սրում է պրոցեսը եւ արագացնում, որն առավել խորը ազդեցություն ունի անձնավորության վրա:
-Եկեղեցին ունի՞ անելիք ինքնասպանությունների կանխարգելման գործի մեջ:
-Տարբեր կրոնների մոտեցումը ինքնասպանության խնդրին տարբեր է: Ասեմ, որ բոլոր կրոնները ինքնասպանությանը եւ ագրեսիային դեմ են, բացառությամբ ինդուիզմի եւ բուդդիզմի, որոնք ինքնասպանությունն ընդունում են որպես ավանդույթ, որի լավագույն ձեւերն են սաթին եւ խարակիրին: Բայց եթե մարդու հոգեկանը հարուստ է, առողջ մտքեր, գաղափարներ եւ պլաններ կան գլխում, եւ մարդը ձգտում է պլաններն իրագործել, ապա նրա մոտ ագրեսիայի ոչ մի դրսեւորում չի առաջանա, եթե հավատացյալի մոտ հոգեւոր գաղափարախոսությունն է գերակշռում, խոսքը գնում է ոչ ծայրահեղ ու դոգմատիկ դրսեւորումների , ապա ցանկացած դժվարություն համարվում է որպես փորձություն եւ մարդը պետք է կարողանա փորձությունը հաղթահարել: Առողջ հավատացյալների մոտ ինքնասպանությունների թիվը շատ քիչ է:
-Մեր եկեղեցին ռեալ գործնական քայլեր ինքնասպանությունների դեմ, կամ աղանդների դեմ կատարո՞ւմ է , թե՞ ոչ:
-Ես գտնում եմ, որ վերջին ժամանակահատվածում շատ մեծ ուշադրություն է դարձվում այդ հարցերին, մենք ականատես ենք լինում տարբեր աղանդների դեմ պայքարի միջոցառումներին: Եթե համայնքի հոգեւոր առաջնորդը ակտիվ է ու առողջ, ապա նա իր համայնքում ակտիվ գործունեություն է իրականացնում: Ցանկացած ինքնասպանություն իրենից անհուսության հոգեվիճակ է ներկայացնում. մարդը չի կարողանում լուծել այն հիմնախնդիրը, որն իր համար կենսական կարեւոր է, եւ չի կարող ոչ մեկի վրա հենվել, եւ ինքը մնում է մենակ: Այդ իրավիճակում ինքնասպանությունը հանդիսանում է որպես իրադրությունից դուրս գալու ելք. եթե համայնքում կա հոգեւոր անձնավորություն, որը տիրապետում է այդպիսի գիտելիքների, կամ հասարակությունն այնքան զարգացած է, որ դիմում է հոգեբանների, ապա խնդիրը լուծվում է:
-Բայց մեզանում հոգեբանին դիմելու մշակույթ, կարծես թե, ձեւավորված չէ,:
-Վերջին 5 տարվա հեմամատական վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ մշակույթը ձեւավորվում է: Այսօր ավելի շատ մարդ է դիմում հոգեբանի օգնությանը, քան մի քանի տարի առաջ:
-Դուք ասում եք, որ հոգեւորականները բավարար են կատարում իրենց աշխատանքը, իսկ ինքնասպանությունների թվի ավելացումը անզեն աչքով տեսանելի է: Հասարակության մոտ հուսալքություն է նկատվում, պարադոքս չի՞, հոգեւորականները լավ են աշխատում, իսկ իրավիճակը վատանում է:
-Այն միտքը, որ մենք կարող ենք իսպառ վերացնել ինքնասպանությունները, գիտական չէ, դա հասարակությանն ուղեկցող երեւույթ է: Այլ բան, եթե մենք աշխատում ենք կանխարգելման վրա, ու թիվը նվազեցնում ենք, կամ թեկուզ պահում ենք հաստատուն: Դա լուրջ նվաճում կարելի է համարել: Որպեսզի մենք այս երեւույթի դեմ օբյեկտիվ եւ ռացիոնալ պայքարենք, պետք է երեւույթը բազմակողմանի ուսումնասիրենք:
-Ինքնասպանությունը հանցագործություն է, չէ՞, այսինքն, ինքնասպանության դիմող մարդը պետք է իրեն զգա ոչ թե զոհի կարգավիճակում, այլ հանցագործի, բայց դրա մասին կարծես չի խոսվում:
-Հասարակության մեջ կա ինքնասպանության երույթի նկատմամբ երկու մոտեցում. մեկը ինքնսպանությունը դիտարկում է որպես թույլ մարդու վարքագիծ, մյուսը՝ ուժեղ մարդ: Ես որպես մասնագետ, պետք է ասեմ, այդ մոտեցումը սխալ է, որովհետեւ դա երույթ է, որը բնորոշ է մարդուն ընդհանրապես: Եթե օբյեկտկիվ եւ սուբյեկտիվ պատճառները համընկնում են, եթե կա առիթ, պայման, եւ դեպրեսիվ հոգեվիճակ, անելիանելիության դրսեւորում, եւ կա անձի անձնային առանձնահատկություններ, ապա բոլոր մարդիկ հակված են իրականացնելու այդպիսի երույթներ:
Մխիթար Գոշը եւ Սմբատ Գունդստաբլը իրենց դատաստանագրքում հատուկ հոդվածով անդրադարձել է ինքնասպանություններին. Մխիթար Գոշն ասում է, որ այն անձը, որ իրականացնում է ինքնասպանություն, նա Աստծո նկատմամբ մեղք է գործում: Մինչեւ անգամ, եկեղեցին առավել ծանր հանցանք է դիտում ինքնասպանությունը, քանի որ սպանություն կատարողը ունի ապաշխարելու, ուղղվելու հնարավորություն, իսկ ինքնասպանություն կատարողը՝ ոչ: Մխիթար Գոշի մոտ նշվում է, որ ինքնասպանություն գործած մարդու համար ծիսական արարողություն հոգեւորականը չի իրականացնում:
Իմիջիայլոց, պատմության ընթացքում ինքնասպանների նկատմամբ տարբեր դատաստաններ են եղել, օրինակ Շոտլանդիայում նրանց մերկացնում էին եւ ձիու վրա, ամբողջ գյուղում պտտեցնում, որ ամեն մարդ տեսնի, թե ինչ է իրեն սպասվում ինքնասպանության դեպքում: Մի այլ տեղ ինքնասպաններին երդիկից էին հանում, կամ դատապարտում էին նրա բարեկամին, մի ուրիշ երկրում ինքնասպան եղած մարդու գույքը անցնում էր համայնքին: Բայց տարբեր պատժի ձեւերով հանդերձ ինքնասպանությունների թվաքանակը չպակասեց: Այսինքն, դա լուծում չէր:
-Իսկ որն է կանխարգելման ձեւը:
-Կանխարգելման շատ ուղիներ կան, ամենաառաջին ուղին ուշադրությունն է մարդու հանդեպ, մարդու պրոբլեմների նկատմամբ, մարդուն մենակ չթողնելը իր ցավի, իր տվայտանքների եւ պրոբլեմների մեջ: Ձեռք մեկնելը: Իսկ այսօր մենք յուրաքանչյուրս խորացած ենք մեր աշխատանքի մեջ եւ լինում է այնպես, որ շատ հաճախ մեր ընտանիքի անդամների հետ էլ չենք շփվում:
Էմոցիոնալ, բարոյական սիմբիոտիկ կերպարը կարծես թե լարվածության հետեւանքով հետ է մղվում: Ոչ մի ինքնասպան չի ուզում մեռնել, լույսը վառ են թողնում, դուռը՝ բաց, որ մեկն իր ձեռքը բռնի, դա իրենց վերջին քայլն է: Հետեւապես մենք պետք է դատապարտենք ինքնասպանության երեւույթը թե հոգեւոր, թե գիտական, թե հասարակական մակարդակներում, բայց միեւնույն ժամանակ պետք է աշխատենք օգնել ինքնասպաններին, որպեսզի հասարակության մեջ այդ երեւույթը հետզարգացում ապրի:
Երբ մարդ երեւույթը հասկանում է, այն խորհրդավորից դառնում է սովորական,իսկ սովորական երեւույթները մեր հոգեկանի վրա նման ազդեցություն չեն ունենում: Խորհրդավոր երեւույթենրը դոմինանտ են, ձգող:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը