Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարար. «Կաշխատեմ լինել լավ փրկարար»

Հարցազրույց
9097845b0f726e3da205ed4347d26c82

   Նոր կառավարության ձեւավորումից առաջ քաղաքական շրջանակներում եւ մամուլում խոսք էր գնում այն մասին, որ կառավարության կառուցվածքում փոփոխություն է կատարվելու եւ արտակարգ իրավիճակների նախարար, նախկին ոստիկան Արմեն Երիցյանը դառնալու է ոստիկանապետ:

Ընտրություններում նրա կուսակցությունը' ՕԵԿ-ը, բավական քիչ ձայներ հավաքեց եւ հազիվ մտավ խորհրդարան' պահպանելով նախարարական պորտֆելները: Զրուցեցինք ՕԵԿ-ական նախարարի հետ:

- Պարոն Երիցյան, ընտրություններից առաջ խոսք էր գնում այն մասին, որ նոր կառավարության ձեւավորումից հետո Ձեր պաշտոնը պիտի փոխվեր, Դուք պիտի ոստիկանապետ դառնայիք, սակայն այդ  տեղի չունեցավ: Կարելի՞ է ասել, որ Ձեր հույսերը չարդարացան:

- Այդպիսի ծրագիր չի եղել, այդպիսի հույսեր չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու : Ի սկզբանե ասեմ, որ իմանաք: Ոստիկանության տոնի կապակցությամբ ես ելույթ եմ ունեցել եւ մեր ոստիկաններին այդ մասին ասել եմ, որ Վլադիմիր Գասպարյանն իր առջեւ դրված խնդիրները կատարում է եւ իմ ընկերն է եւ լավ ոստիկան : Իսկ ես կաշխատեմ լինել լավ փրկարար :

- Իսկ չե ՞ք կարծում, որ ընտրություննրում ՕԵԿ-ի տապալումը որոշակի կասեցրեց Ձեր պաշտոնեական առաջխաղացումը :

- Ի ՞նչ պետք է նշանակվեի սրանից ավելի: Ոստիկանապետը  արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից բարձր չի :

- Բայց Դուք ուզում էիք, չէ՞, ոստիկանապետ դառնալ :

- Ոչ, ես 30 տարի իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի առջեւ : Եթե ուզենայի, կասեի, բայց ես երբեւիցե չեմ ուզել եւ չեմ էլ ուզում, չեմ էլ ուզելու ոստիկանության պետ դառնալ : 30 տարին հերիք է, կյանքը եւ առողջությունը չեմ խնայել եւ պայքարել եմ հանցագործության դեմ :

- Քանի որ այս ընտրություններում ՕԵԿ-ը բավական քիչ ձայներ հավաքեց, հնարավո ՞ր է փոխեք կուսակցությունը, Հանրապետական դառնաք, որ ավելի ամրապնդեք Ձեր դիրքերը կառավարությունում:

- Չէ, բայց ի ՞նչ կապ ունի իմ դիրքերի հետ : Ես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ եւ իմ դիրքերում պինդ կանգնած եմ : Մեկը մյուսի հետ կապ չունի : Ես իմ կուսակցության անդամ եմ եւ չեմ փոխելու իմ կուսակցությունը :

- Չնայած որ քի՞չ ձայներ ստացավ ՕԵԿ-ն այս ընտրությունների ժամանակ:

- Կնշանակի մյուս ընտրություններին պետք է ավելի ակտիվ աշխատենք : Ես գտնում եմ, որ նաեւ մեր մեղավորությունն է : Ավելի ակտիվ էր պետք լինել, եւ պետք է բոլորս միասին ավելի շատ աշխատեինք :

- Ընտրություններում ՕԵԿ-ը մուրաբաներ ու հեռախոսներ էր բաժանում, հաջորդ ընտրություններում պետք է ավելացնի՞ տեսականու ցանկը, որ ավելի շատ ձայներ հավաքի :

- Տեղյակ չեմ այդպիսի բաներից, անհեթեթ խոսակցություններ են:

- Պարոն Երիցյան, Դուք այսօր նախարար եք մի կառավարությունում, որը չստացավ ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի աջակցությունը, կարծում եք հնարավոր կլինի՞  իրականացնել կառավարության ծրագիրը:

- Իհարկե, միանշանակ կկարողանանք: Եւ այն դրույթները, որ կան ծրագրում արտակարգ իրավիճակների նախարարության հետ կապված, մենք այդ  նույնպես կատարելու ենք:

- Ակնհայտ է, սակայն, որ կառավարությունը 2008-2012 թվականի ծրագիրը չի իրականացրել : Հիմա, ստացվում է, նույն մարդիկ ամպագոռգոռ խոստումներ են տալիս:  

- Ամպագոռգոռ չի, ծրագիրը մենք իրականացրել ենք : 2008 թվականին ինչ որոշում, որ կայացվել է, կյանքի ենք կոչել եւ այս ծրագրով մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարելու ենք : Կողքից հեշտ է ասել :  

Զրուցեց Մարինե Խառատյանը