Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուբեն Հայրապետյանը ինչի՞ պետք է պատասխան տա»

Հարցազրույց
f3b1af903476b09bd249a16362b61bf3

Ոստիկանությունը երեկ շտապեց հայտարարել, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպը բացահայտված է, եւ զինվորական բժիշկներին ծեծողը անվտանգության աշխատակիցներից է։ Սա այն դեպքում, երբ  տուժողների հարազատները լրատվամիջոցներին ասել են, որ բժիշկներին ծեծել են 10-15 հոգով:

Շրջանառվող տեղեկություններով'  ծեծողները եղել են Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները:

 Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդում է, որ ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները չեն եղել, ծեծողը ռեստորանի անվտանգության աշխատակիցն է:

Հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի տղայի հարսանիքի քավորն է: Մի քանի հարց ուղղեցինք Երեւանի ոստիկանապետին: Հետաքրքրվեցինք նաեւ, թե վերոնշյալ հանգամանքը ինչ կերպ կարո՞ղ է ազդած լինել ոստիկանությունում գործի քննության վրա:

-  Պարոն Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում  «Հարսնաքարի» գործով ոստիկանության քննությունըերբ ընդամենը մեկ անձ է մեղադրվում

- Քննությունը մեզ մոտ չի արդեն, ուղարկվել է պաշտպանության նախարարություն :

- ՊՆ-ն դեռ չի ստացել գործը, երկրորդ' գործի հանգամանքները ոստիկանությունում են պարզվել, հարցաքննվել են վկաները եւ ոստիկանությունն է տարածել տեղեկությունը մեկ հոգու մասին։  

- Կա վնաս հասցնողը' հիմնական հարվածողը եւ կա մատուցողը, որը մյուսի քիթն է կոտրել, բոլորը ներկայացված են, քննությունից ոչ ոք չի խուսափելու: Բոլորն էլ պատասխանատվության են ենթարկվելու, որեւէ մեկը դուրս չի մնալու:

- Պարոն Նազարյան, լրատվամիջոցներին հարազատներն ասել են' 10-15 հոգով են ծեծել բժիշկներին, իսկ ոստիկանությունն ասում է' մեկ հոգի է եղել հիմնական ծեծողը, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Հարազատները ոչ մի հայտարարություն չեն տվել, որեւէ բան չեն ասել, մենք պարզել ենք' կռիվը որտեղից է սկսվել, ոնց է սկսվել։ Ինչքան հնարավոր է ' բոլորին հավաքել ենք, բերել ենք, պիտի քննություն տարվի:  Երբ ոստիկանությունն իմացել է, ոչ մի մարդ չի եղել օբյեկտում։ Մենք ահազանգը ստացել ենք գիշերը երկուսին, երբ «Հարսնաքար»-ն արդեն  փակ է եղել, եւ որեւէ մարդ չի եղել: Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում եւ ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում եւ ի վիճակի չի եղել հայտարարություն տալու եւ ոստիկանությունը եղունգ չի նայել, որ կարողանա էտ պահին իմանա, թե ով ինչ ա արել: Սպառիչ աշխատանք պիտի դրանով տարվի: Հիմնական հարված հասցնողները միանգամից բերվել են՝ պարզելու, թե ում մեջ է վեճ առաջացել, ովքեր են եղել։  Քննությունը տարվում է լայնամասշտաբ, բոլորը հարցաքննվել են: Նույն նպատակն ունի նաեւ «Հարսնաքարի» սեփականատերը' Ռուբեն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին :

- Ո ՞ւմ է հայտարարել, պարոն Նազարյան :

- Ուրեմն' հայտարարությունը կլինի, որ ինքը որեւէ մի աշխատակցի չի պաշտպանելու եւ, իմիջիայլոց, դա իր ախրանան չի, օբյեկտի ախրանան ա : Եւ իմացեք' որեւէ մեկի նկատմամբ ներողամտություն չի լինելու:

 - Պարոն Նազարյան, մի կողմից ասում եք' դեռ քննություն է տարվում, դեռ պարզ չի, մյուս կողմից'արդեն հայտարարում եք, թե Ռուբեն Հայրապետյանի ախրանան չի եղել, օբյեկտի ախրանան է, հնարավո ՞ր է կապ ունի, որ Դուք քավորսանիկական հարաբերությունների մեջ եք Ռուբեն Հայրապետյանի հետ, դրա համար պաշտպանում եք նրան:

 - Ես ձեզ ասում եմ այն, ինչ -որ կա: Ով որ հարվածել է, նա ռեստորանային համալիրի հրամանագրված ախրանիկն է հանդիսանում, քիթն էլ, որ կոտրել է, աֆիցանտն է եղել, մնացածն էլ ընթացքում կպարզվի: Ընթացքում եթե կհայտնաբերվի, որ կա կողքից մարդ, բոլորը պատասխանատվության են ենթարկվելու: Որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:  

- Պարոն Նազարյան, այսօր մեզ հայտնի դարձավ, որ ռեստորանում երեք բժիշկ են ծեծվել։ Որեւէ մեկը դժվար հավատա, որ ռեստորանի մի «ախրանիկը» կարողանա երեք տղամարդու այդ կերպ ծեծել եւ մահվան դուռը հասցնել:

- Ոչ ոք չի ասում, որ մի հոգով ա եղել, բոլորի ներկայությամբ հարվածը հասցրել է այդ  տղան,  մյուսին խփել է մյուս ախրանիկը: Աֆիցանտները բոլորը դուրս են եկել, կռիվը եղել է ընդհանուր, հիմա հատ առ հատ պարզում են եւ բոլորին պատասխանատվության են ենթարկելու: ՊՆ քննչական մարմինն է զբաղվում, իրենք ավելի շահագրգռված կլինեն՝ իրենց աշխատողին վնաս հասցնողներին ի հայտ բերելու:

- «Հարսնաքարի» մատուցողները առյուծի կա՞թ էին կերել, որ նման կերպ հարձակվեին հաճախորդի վրա: Փաստորեն վտանգավո՞ր է «Հարսնաքար» գնալը:

 - Նման օբյեկտներում ամեն տեղ էլ կարող է դա լինել, ի՞նչ կապ ունի «Հարսնաքարը»: Նրանք հո՞ չեն իմացել, որ ՊՆ աշխատակիցներ են, քաղաքացիների մեջ վեճի պես է եղել եւ աֆիցիանտից բացի բոլորը, ովքեր էլ որ եղած լինեն, պատասխանատվության կենթարկվեն, եւ դուրս որեւէ մարդ չի մնալու:

Այո, ես մոտ եմ Ռուբեն Հայրապետյանի հետ, իմ տղայի էլ քավորն է եւ ինքն էլ է անձամբ ասել, որ բոլորը պետք է պատժվեն, որեւէ մեկի համար ինքը չի փորձելու ոչ միջամտել, ոչ ասել: Բացի դա' ազատվելու են աշխատանքից մնացած բոլորը: Դա Ռուբեն Հայրապետյանի խոսքն է ինձ:

- Իսկ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվե՞լ է որպես սեփականատեր, քանի որ նաեւ հարազատները ասել են, որ իր թիկնազորն է ծեծել:

 - Ռուբեն Հայրապետյանը սեփականատերը չէ: Նաեւ որեւէ հարազատի կամ մյուսի ասելով չի։ Քննություն է տարվելու եւ կլինի նորմալ։ Բոլոր հարցերի պատասխանները կլինեն քննության ընթացքում: Իր անձնական ախրանան չի, օբյեկտինն է, եւ նա պատասխան կտա իր պարտականությունը վատ կատարելու կամ որեւէ բանի համար, իմացեք: Միանշանակ քննադատում եմ, պետք է շատ խիստ պատժվեն ամենայն խստությամբ:

- Ասել է թե' այս պարագայում էլ Ռուբեն Հայրապետյանը ջրից չո՞ր դուրս կգա:

 - Ռուբեն Հայրապետյանը ինչո՞ւ պետք է ջրից չոր դուրս գա կամ թաց: Ես չեմ հասկանում: Կատարողները պատասխան կտան, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար:

 Զրուցեց Մարինե Խառատյանը