« Գնահատում եմ որպես ճղճիմ նախանձ »
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանի պաշտոնավարման շուրջ խոսակցությունները չեն դադարում: Պարբերաբար այդ պաշտոնի նոր հավակնորդների տարբեր անուններ են շրջանառվում: Երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հերքել է իրեն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու լուրը: Հիշենենք, որ ԱԺ աշխատակազմի ներկա ղեկավար Վրեժ Գասպարյանին նշանակել է Սամվել Նիկոյանը, որի պաշտոնավարման օրոք Գասպարյանը պաշտոնի բարձրացում է ունեցել երեք աստիճանով' խորհրդականից դառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար:
Ի դեպ, «Ա1+»-ը էլեկտրոնային փոստով բողոք է ստացել, որ ԱԺ պատգամավորների օգնականներին չեն գրանցում, « ասում են՝ պետք է գրանցվեն սեպտեմբեր ամսից, գրանցում են միայն խնամի ծանոթ բարեկամներին»։
Զրուցեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանի հետ :
- Պարոն Գասպարյան, ԱԺ պատգամավորի օգնականները բողոքում են, որ ԱԺ աշխատակազմը հրաժարվում է իրենց գրանցել մինչեւ սեպտեմբեր: Նաեւ ասվում է, որ միայն ծանոթ-բարեկամներին են գրանցում : Ո՞րն է պատճառը:
- Չկա այդպիսի բան: Պարզ ընթացակարգ կա. ԱԺ կանոկանակարգի համաձայն մենք պետք է ըստ համապատասխան պատգամավորի ներկայացման նշանակենք պաշտոնի: Մենք այդ ընթացակարգն անցել ենք: Դա պատգամավորի գործունեությունը սպասարկող պաշտոն է: Եթե պատգամավորը չի ներկայացնում, ես իրավասու չեմ նշանակելու: Օգնականերից 70-ը հրամանագրված են արդեն:
- Սակայն փաստորեն մոտ կեսը' 61-ը դեռ հրամանագրված չեն։
-Օգնականն աշխատանքի է ընդունվում ժակետային պայմանագրով' համապատասխան պատգամավորի ներկայացման : Կա ներկայացում, կա նշանակում, չկա ներկայացում, ես ինքնակոչ չեմ կարող որեւէ մարդու կցեմ որպես պատգամավորի օգնական : Ես իրավասու չեմ ուղղակի, պետք է ունենամ ներկայացում :
- Անդրադառնանք ձեր գործուենությանը, կրկին լուրեր են շրջանառվում ձեր պաշտոնավարման հետ կապված, որ հնարավոր է Ձեզ տեղափոխեն այլ տեղ:
-Չեն կարող : (Ծիծաղում է) :
- Նաեւ հետաքրքիր է' ինչպիսի ՞ն են ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ հայտնի է, որ Սամվել Նիկոյանն է ձեզ նշանակել այդ պաշտոնում:
- Նախ' Հովիկ Աբրահամյանին ես առաջին օրը չի, որ ճանաչում եմ : Իմ երկարամյա աշխատանքի ընթացքում մենք առիթներ ունեցել ենք իրար հետ աշխատելու : Ավելին ասեմ' իմ առաջին առաջխաղացումն այս շենքում եղել է Հովիկ Աբրահամյանի օրոք եւ ինքն է ինձ հրավիրել, դարձել եմ խորհրդական: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, դա պարոն Նիկոյանի որոշումն է եղել : Ինքն ինձ առաջարկել է, ես աշխատել եմ, այդ էլ իր վերաբերմունքն է եղել : Ինքն առաջարկել է, ես չեմ մերժել :
-Կարծում եք' այդ վերաբերմունքը Հովիկ Աբրահամյանի օրոք կպահպանվի՞:
- Պոզիտիվ իմաստով ինչո ՞ւ պետք է փոխվի, եթե մարդն իր տեղում նորմալ աշխատում է, իր պարտականությունները նորմալ կատարում է, առավել եւս, որ պետական ծառայող է, ի ՞նչ խնդիր պետք է լինի:
- Սակայն թե Սամվել Նիկոյանի, թե Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ տեսանք, որ առկա է «իմ թիմը» մտածողությունը. Հովիկ Աբրամանյանն ուներ իր թիմը, Սամվել Նիկոյանն' իր : Թիմային այդ մտածելակերպը կարծում եք հնարավորություն կտա՞ Ձեզ շարունակելու պաշտոնավարումը :
- Ես խոչընդոտ չեմ տեսում : Թիմային աշխատանքը նորմալ եմ գնահատում, բայց թիմային աշխատանքը չի վերաբերում է ամբողջ աշխատակազմին, որովհետեւ սա ինքնին պետական կառույց է եւ թիմային աշխատանքը լինում է քաղաքական պաշտոնյանի շուրջ ձեւավորվող պաշտոններից' խորհրդականներ, օգնականներ: Իմ խնդիրն է, որպես աշխատակազմի ղեկավար կոռեկտ, կառուցողական աշխատել : Իրականում այդպես է :
- Ձեզ այսօր մամուլում մեղադրում են մութ անցյալ ունենալու, տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում եւ խարդախության, տարբեր ճանապարհներով փող վաստակելու փորձերի մեջ, դրա հետ կապված ի՞նչ կասեք:
- Առաջինը' կասեմ, որ ցանկացած մարդ պետք է փողը վաստակի օրինական ճանապարհով: Երկրորդ' այդ տեղեկությունները անհիմն, չպատճառաբանված, անփաստ, շաբլոն տեղեկություններ են : Դրանք պետք է լինեն հստակ, հասցեական'ով, ինչի համար : Պաշտոն ես ձեռք բերում, դառնում ես թիրախ : Ես պատրաստ եմ ցանկացած դատարանում հանդես գալ, ներկայացնել ճիշտը եւ սխալը :
- Ասվում է' որ մեկ մլն դոլար եք ուզել Իրանի քաղաքացուց։
- Շատ լավ հարց եք տալիս: Դա բացահայտ բան է, դատական վեճերով ապացուցված : Գումարի պահանջը եղել է 12 հազար ԱՄՆ դոլար, դատական վեճը եղբայրս հաղթել է, մեր գումարն էլ ստացել ենք : Եթե մեկ մլն դոլար է դառնում 12 հազարը, ակնհայտ է, որ միտում կա ցեխ շպրտելու:
- Կարծում եք' Ձեր պաշտոնին հավակնորդներ կա՞ն :
- Քողարկված փորձել մարդու հեղինակության վրա ազդելը կարող եմ դա որակել ճղճիմ նախանձ, ուրիշ ոչ մի բան : Այն, որ ակնարկ են անում, թե դատական վերճեր եմ ունեցել, դրանք դատարանում անցել են բոլոր ընթացակարգերը եւ փայլուն հաղթանակած դուրս եմ եկել :
- Այսինքն' կարծում եք' դեռ երկա ՞ր կաշխատեք ԱԺ-ում :
- Ես դժվարանում եմ ասել' ինչքան կաշխատեմ, բայց եթե աշխատեմ, կաշխատեմ ինչպես միշտ աշխատել եմ :
- Իսկ հնարավո՞ր է առաջիկայում հանրապետական դառնաք, որ ավելի պաշտպանված լինեք:
- Չեմ կարծում, որ այդ եղանակով պետք է ավելի պաշտպանված լինեմ : Պաշտպանված պետք է լինեմ իմ գիտելիքով, աշխատանքի որակով: Իսկ այս պաշտոնը, ես կարծում եմ, որ սխալ կլինի, որ կուսկացկանացվի, որովհետեւ պաշտոնի բերումով ես առնչվումէ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, հետեւապես պետք է մաքսիմալ օբյեկտիվ աշխատեմ, պետությունը պետք է ներկայացնեմ, ոչ թե որեւիցե կուսակցություն:
Զրուցեց Մարինե Խառատյանը