Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոտ ապագայում պատերազմը բացառված է»

Հարցազրույց
54554a508ce72e7d4d0dfead45a273e2

Հայ-ադրբեջանական սահմանում վերջերս կրկնվող դիվերսիոն գործուղությունների եւ պատերազմի հնարավոր վերսկսման մասին «Ա1+»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, զինադադարի վերջին խախտումները, դիվերսիոն գործողություններն արդյոք վկայո՞ւմ են պատերազմի հնարավոր սպառնալիքի մեծացման մասին:

-Ոչ: Որպեսզի մենք պատասխանենք այդ հարցին, պետք է հասկանանք, թե ինչ նպատակ են հետապնդում այդ դիվերսիոն գործողությունները եւ ինչ պայմաններում կարող է վերսկսվել պատերազմը: Ադրբեջանը կսկսի պատերազմ միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ կհաղթի, իսկ որպեսզի այդպիսի համոզմունք ունենա, պետք է լինեն լրջագույն առավելություններ. կարճ ասած, ռազմական բալանսը պետք է լինի հօգուտ իրեն: Այսօր  ռազմական հավասարակշռությունը պահպանված է եւ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը չի հասնի իր նպատակին, եւ կրելու է լուրջ վնասներ ոչ միայն պատերազմի գոտում, այլ ամբողջ Ադրբեջանի տարածքում:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Հայկական կողմն այսօր ունի այնպիսի զինատեսակներ, որոնցով ի վիճակի է հասցնել անդառնալի կարուստներ Ադրբեջանի բոլոր ռազմարդյունաբերական կենտրոններին: Բացի այդ՝ պատերազմի վերսկսումը չի բխում այն պետությունների շահերից, որոնք ունեն տնտեսական շահեր տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակում պատերազմի վերսկսման հնարավորությունը մոտակա ժամանակաշրջանում բացառում եմ:

Իսկ դիվերսիոն գործողությունների հիմնական նպատակը պատերազմի վերսկսման սպառնալիքի մթնոլորտի ձեւավորումն է Հայաստանում եւ ԼՂՀ-ում:  Սրանով Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին՝ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու Հայաստանին, որպեսզի պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ միջազգային հանրությունը արագացնի հարցի լուծումը, իսկ Հայաստանը՝ համաձայնվի զիջումների: Կան նաեւ երկրորդական նպատակներ. հետախուզություն, իրենց զորքերում եւ հասարակության մեջ մարտական ոգին բարձր պահելու ձգտում եւ այլն: Ադրբեջանի իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ մոտակա ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի, այն պարզ պատճառով, որ հայկական կողմը չի համաձայնի, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, վերջինս էլ  համաձայն չէ քննարկել Արցախի անկախության հարցը: Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի արտահանման գագաթնակետը այս տարին էր, եւ ըստ փորձագետների, նավթի ծավալները այս տարվանից սկսելու են նվազել եւ 20 տարի հետո սպառվելու են, իսկ Ադրբեջանի տնտեսական հզորության հիմքում նավթադոլարներն են, ապա հասկանալի է դառնում, թե ինչու է ադրբեջանական իշխանությունը տարբեր միջոցներով փորձում արագացնել ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծումը:

ոլորս լավ գիտեք ադրբեջանական բանակի բյուջեի ծավալների, եւ անընդհատ սպառազինվելու փաստի մասին: Արդյոք, սրանով ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի չի՞ փոխվում:

- Ոչ: Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական հավասարակշռության մեջ սպառազինությունը կետերից ընդամենը մեկն է: Ընդհանուր առմամբ, հայկական կողմն ապահովում է այդ հավասարակշռությունը ի հաշիվ ՌԴ-ի հետ ստորագրված ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրերի եւ ՀԱՊԿ անդամակցության: Հենց այս համագործակցության շրջանակներում հայկական կողմը զենք է ձեռք բերում  բավականաչափ ցածր գներով, իսկ Ադրբեջանը նման հնարավորություն չունի: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, որն իր զենքն ու զինամթերքը ուղղում է միայն հայ-ադրբեջանական սահմանի ապահովմանը, իսկ Իրանի ու Թուրքիայի հետ սահմանի պաշտպանություն իրականացվում է ռուսական ուժերի հետ համատեղ, ապա Ադրբեջանը  դա ապահովում է տարբեր հատվածներում' Իրանի հետ ծովային ու ցամաքային  սահման, Թուրքմենստանի հետ ծովային սահման եւ այլն: Այնպես որ, այն բյուջեն, որը ծախսվում է հարևան երկրի անվտանգության ապահովման համար, միայն առաջին հայացքից է մեծ թվում:

-Դուք անդրադարձաք ՀԱՊԿ-ին. նման դեպքերում, ըստ նորացված պայմանագրի, արագ արձագանքման ջոկատները չպե՞տք է արձագանքեին դիվերսիոն հարձակումներին:

-Դիվերսիոն գործողությունների տեւողությունը ժամերի հարց է, իսկ իրականացնողները' 10-20 հոգանոց խմբեր: Դրանց ի վիճակի են համարժեք պատասխան տալ ու տալիս են նույնիսկ առաջին գծում կանգնած հայկական ուժերը, եւ ՀՀ զինված ուժերի այլ ստորաբաժանումների մասնակցության կարիքը չի զգացվում: Ռազմական առումով ՀԱՊԿ-ի արձագանքման անհրաժեշտություն չկա: Այդ հարցը կլինի արդիական, եթե հարձակումները  լինեն երկարատեւ ու մեծածավալ: Այլ հարց է քաղաքական արձագանքը, որի նպատակը պետք է լինի կանխել հետագա նմանատիպ գործողությունները:

Այս միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանագոտում պետք է հիշեցնեն բոլորին, որ մեր բանակը մշտապես գտնվում է ռազմական գործողությունների մեջ եւ կանխում դրանք: Ու այն զինվորներն ու սպաները, որ օր ու գիշեր, խրամատներում նստած, թույլ չեն տալիս պետարեզմի վերսկսում՝ հերոսաբար կատարում են իրենց մարտական ծառայությունը: Բանակի մասին խոսելիս, կամ գնահատականներ տալիս, այս ամենը պետք է հաշվի առնել: Իսկ բոլոր նրանք, ովքեր պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցություններ են տարածում, գիտակցաբար, կամ ոչ՝ ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին եւ իրականացնում նրանց նպատակը՝ խուճապ առաջնել, դրանով բարձրացնելով պատերազմի հավանականությունը եւ աջակցելով ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծմանը:

 Զրուցեց Դիանա Մարկոսյանը