Արամ Կարապետյանը սպառնում է նոր բացահայտումներով
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն արդեն հայտարարել է նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին: Նախորդ ընտրարաշավի ժամանակ Արամ Կարապետյանը հեռուսաեթերն օգտագործում էր սենսացիոն բացահայտումներ անելու համար, անգամ նրա դեմ գործ հարուցվեց սուտ մատնության մեղադրանքով, որը հետո կարճվեց: Այս անգամ Արամ Կարապետյանը խոստանում է նորանոր բացահայտումներ:
-Պարոն Կարապետյան, արդեն հայտարարել եք, որ առաջադրվելու եք առաջիկա նախագահական ընտրություններում: Ի՞նչ սպասելիքներով եք առաջադրվում, թե արդեն սովորույթ է դարձել:
- Ես ընդհանրապես մի անգամ եմ առաջադրվել, 2008-ին անգամ ինձ թույլ չեն տվել մասնակացել ընտրություններին: Ես մի անգամ առաջադրվել եմ եւ բազում, բազում ընդդիմադիրներից շատ առաջ եմ եղել անգամ պաշտոնական թվերով: Այս անգամ էլ եմ փորձելու առաջադրվել։Հայաստանում 10 տարվա բնակության հարցը լուծել եմ, բայց կարծում եմ' իրենք ամեն ինչ անելու են, որ ինձ չգրանցեն: Անօրինական է լինելու այդ որոշումը, բայց իրենք փորձելու են գնալ այդ որոշման:
- Ասել է թե' Հայատանի իշխանությունն ի դեմ Ձեզ մրցակի՞ց է տեսնում, որ նման խոչընդոտներ է առաջ բերում:
- Տրամաբանությունը դա է ասում: Չգիտեմ' ինչից է այդպես, բայց տրամաբանությունը դա է ասում:
- Այս անգամ Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում:
- Կարծում եմ, եթե նորմալ ընտրությունների գնան եւ առաջադրման խոչընդոտ չլինի, ճիշտ ընտրությունների դեպքում կասկած չունեմ, որ կհաղթենք: Միանշանակ հաղթանակ է լինելու: Իմիջիայլոց, կասեի' շատ ուժեղ:
- Իսկ ի՞նչ հիմք ունի Ձեր այս համոզմունքը, քանի որ Դուք մեծ քաղաքական թիմ չունեք:
- Իմ համոզմունքը ժողովուրդն է, ձայնը տալիս է ժողովուրդը:
- Իսկ օրինակ մյուս թեկնածուները ի՞նչ շանսեր ունեն նախագահական ընտրություններում' օրինակ'Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, որն ասում են, կառաջադրվի:
- Ես չգիտեմ: Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի:
- ՌԴ-ում գտնվող Ձեր եղբոր բիզնեսն ու կապերը կկարողանա՞ն աջակցել ձեզ նախագահական ընտրություններում:
- Ոչ:
- Կարծում եք' նախագահական ընտրություններով Հայաստանում ինչ որ բան կփոխվի՞' հաշվի առնելով եւ Քլինթոնի հայտարարությունները եւ Ռուսաստանի ներկա վիճակը եւ անցած խորհրդարանական ընտրությունների պատկերը:
- Եթե ընտրություններն անցնեն նորմալ, մինաշանակ կհաղթի ընդդիմությունը, Հայաստանում կսկսի բան փոխվել: Եթե զարգացումները գնան այնպես ինչպես հիմա պիտի գնան, ապա, ես, կարծում եմ, որ իշխանության շանսերը գնալով շատ խիստ պակասում են:
- Խոսքը ո՞ր զարգացումների մասին է :
- Այն զարգացումների, որոնց շուրջ ես պատրաստվում եմ խոսել հենց իմ նախընտրական արշավի ժամանակ: Եթե զարգացումները գնան այլ սցենարով, Հայաստանում ընտրություններ անցակցնելը ուղղակի կդառնա անիմաստ' Սերժ Սարգսյանը կարող է ասել' ես նախագահ եմ եւ փող էլ չծախսել ընտրությունների վրա: Ճիշտն ասած, ես հուսով եմ, որ փոփոխություններ կլինեն: Ռուսաստանում եւ տարածաշրջանում զարգացումներ են լինելու, մի քիչ սպասեք:
- Պարոն Կարապետյան, նախորդ ընտրությունների ընտրարշավի ժամանակ դուք բավականին աղմկահարույց բացահայտումներ էիք անում, որի արդյունքում ձեր դեմ քրեական գործ հարուցվեց սուտ մատնության հատկանիշներով:
- Իմ բացահայտումների հետ կապված ոչ մի գործ չի հարուցվել: Մեղրին հանձնելու հայտարարության հետ կապված էր քրեական գործ հարուցվել:
- Այս անգամ շարունակվելո՞ւ են բացահայտումները:
- Դա կերեւա նրանից, թե իրենք ոնց իրենց կպահեն: Եթե գնան օրինական ճանապարհով, ամեն ինչ անեն օրինականությունների սահմաններում, ապա կգնա գաղափարական, քաղաքական պայքար, եթե ամեն ինչ գյուղական մակարդակով լինի' վարկաբեկելով,փորձելով ինչ որ բաներ ասել, հիշելով այն, ինչ չի եղել, կարծում եմ, որ այս անգամ շատ ավելի վատ կլինի իրենց համար:
- Արդեն սպառնո՞ւմ եք:
- Չէ, ինչի եմ սպառնում: Դեռ չի եղել, որ մի բան ասեմ եւ չանեմ:
Զրուցեց Մարինե Խառատյանը