Հին գյուղի նոր կամուրջը
Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկը ժայռերին կառչած մի բնակավայր, որ հայտնի է իր քարայր-տներով` կառուցված մեկի տանիքը մյուսի բակը սկզբունքով:
160 մետր երկարություն, 1,5 մ լայնություն, ձորի ամենախոր տեղում 63 մ բարձրություն, ճոճքը` 1մ, ալիքավորումը` 0,5 մ, քաշը` ավելի քան 20 տոննա. այսպիսին է Խնձորեսկի նորակառույց, ճոճվող, հետիոտն կամուրջը, որն իրար է կապում Հին Խնձորեսկի Ներքին թաղը հանդիպակածի հետ:
Ճոճվող կամրջի շինարարությունը սկսվել է մեկ տարի առաջ ծնունդով խնձորեսկցի Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել ծննդավայրին: Մինչեւ 1950-ական թթ. խնձորեսկցիներն այստեղի քարայրներում են ապրել: 1950-60-ականներին Նոր Խնձորեսկի կառուցման հետ հին բնակավայրը դատարկվեց, բայց չկորցրեց իր երբեմնի հմայքը:
Ժորա Ալեքսանյանը նպատակ ունի նաեւ վերականգնել իրենց բնակարանը եւ այն դարձնել փոքրիկ թանգարան:
Թաղամասից թաղամաս հասնելու համար ժամանակին մարդիկ ստիպված են եղել ձորով ու արահետներով կտրել-անցնել մոտ 6 կմ ճանապարհ: Կամրջի առկայությունը հնարավորություն է հատկապես զբոսաշրջիկների համար, ովքեր կամրջի վրայով անցնելիս կարող են զմայլվել բնության գեղեցկությամբ, իսկ հանդիպակաց լանջ հասնելով` հասկանալ, թե ինչպես են ապրել հին խնձորեսկցիները քարայրներում:
Կամուրջի շինարարությունն իրկանացվել է տեղացի մասնագետների ջանքերով; Խնձորեսկցին ճոճվող կամուրջը ավարտուն տեսքի բերելու համար ներդրել է 13 մլն դրամ: Շինարարության համար օգտագործվել են ավելի քան 15 տ մետաղյա կառուցվածքներ, այդ թվում` 2200 մ տարբեր տրամաչափերի պողպատե ճոպաններ:
Խնձորեսկցիները հպարտանում են պատմական հարուստ անցյալ ունեցող, ազգային ազատագրական շարժումների բովով անցած իրենց գյուղով: Դավիթբեկյան շունչը դեռ այս լեռներում է, այստեղ է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը: Ուր էլ լինի խնձորեսկցին տարեկան մի քանի անգամ պետք է լինի Հին գյուղում, այցելի Սպարապետի շիրմին, ջուր խմի գյուղի հնագույն Ինը մանուկ կոչվող աղբյուրից: Իսկ ճոճվող կամուրջը, համոզված են, նոր հեռանկարներ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:
Կամրջից տեսանել է ձորի մեջ գտնվող Հին Խնձորեսկի 15-17-րդ դարերի 4 եկեղեցիները, որոնցից մեկը ժայռափոր է` կառուցված ավելի վաղ շրջանում: