ԲՀԿ-ն դե ՞մ կքվեարկի կառավարության ծրագրին
Առաջիկա օրերին նոր խորհրդարանի դատին կներկայացվի կառավարության ծրագիրը: Ըստ քաղաքագետների՝ կախված՝ ինչպես կքվեարկեն խորհրդարանական ուժերը' մասնավորապես ԲՀԿ-ն' կբացահայտի, թե ինչ պայմանավորվածություններ կան քաղաքական ուժերի' մասնավորապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ:
Այս առթիվ զրուցեցինք ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ:
- Պարոն Մելքումյան, մամուլում գրվեց, որ խորհրդարանական երեք ուժեր' ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն հնարավոր է դեմ քվերակեն կառավարության ծրագրին : Հնարավո ՞ր է ԲՀԿ-ն էլ միանա իրենց :
- Ոչ մի բան բացառված չի: Մինչեւ չլինի պաշտոնական ծրագիրը, որ տեսնենք' ինչ ծրագիր է, մենք դրա մասին չենք կարող խոսել : Կլինի ծրագիրը, կքննարկենք, այդ ժամանակ կտեսնենք :
- Եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկի կառավարության ծրագրին, չե ՞ք կարծում, որ կստացվի ԲՀԿ-ն համաձայնության մեջ է Հանրապետականի հետ առանց կոալիցիոն հուշագրի եւ կոալիցիա չկազմելն ընդամենը ֆիկցիա էր :
- Եթե մենք մասն չենք կազմում այս կառավարությանը, ուրեմն մենք այլընտրանք ենք, բայց կառուցողական այլընտրանք ենք : Կլինեն լավ բաներ, կասենք լավ էր, կլինեն վատ բաներ' կասենք վատ էր : Եթե մաս չենք կազմում կառավարությանը, պետք է լուրջ քննարկենք, նոր որոշում ընդունենք :
- Արդեն իսկ տեսակետներ կան, որ ԲՀԿ-ն դժվար այդքան քաջություն ունենա դեմ քվեարկելու կառավարության ծրագրին:
- Ի ՞նչ է նշանակում' քաջություն ունենա : ԲՀԿ-ն, անկախ ամեն ինչից, միշտ էլ քաջ է, միշտ էլ պարզ ճակատով գնացել է, դրա համար էլ 500 հազար ձայն ունի: Որեւէ բանից ԲՀԿ-ն չի վախենում եւ առաջ է գնում իր ծրագրերով : Քվեարկություններով չի որոշվում' նա քաջ է, թե քաջ չի : Իր գործելաոճով, աշխատանքով, իր առաջնորդի կերպարով է որոշվում, այնպես որ հարցն իմ համար անհասկանալի է :
- Իսկ կառավարության աշխատանքին ԲՀԿ-ի գնահատականը ո՞րն է, ինչպես է աշխատել նախկին կառավարությունը:
- Կառավարությունը գործել է իր ծրագրերով, շատ բաներ էլ չի արել : Բաներ կան, որ արվել է, բայց դե տեսնում եք, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան էլ լավ չի : Աղքատությունը 25.6 տոկոսից աճել է ու 35 տոկոսի սահմաններում, իսկ կառավարության ծրագրով պետք է իջներ մոտ 12 տոկոսի : Այնպես որ, այդ մասով հստակ կարող ենք ասել, որ լավ չի, աղքատությունը չի հաղթահարվել, ընդհակառակը' խորացել է : 2008-2012 թվականի ծրագրով գրված է, որ տարեկան 10 տոկոս ներդրումների աճ պետք է լինի, որը չի կատարվել, որ նվազագույն աշխատավարձը պետք է մոտենա կենսապահովման նվազագույն զամբյուղին, չի մոտեցել, կամ տարեկան պիտի 8-10 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ լիներ, չի եղել : Նշանակում է, 2008-2012 թվականների ցուցանիշները չեն կատարվել տարբեր պատճառներով : Պատճառների մի մասը ճգնաժամի հետեւանք են, մի մասը կառավարման արդյունավետության ցածր լինելու եւ այլն:
- Փաստորեն նաեւ ԲՀԿ-ն, լինելով կառավարության մաս, չի կատարել այդ ծրագիրը : Կարելի՞ այսպես էլ հասկանալ :
- Չէ, իմ ասածը դա չի ենթադրում : Օրինակ' սպորտի ոլորտում ԲՀԿ-ն բավական հաջողությունների է հասել, առողջապահության ոլորտում գիտեք որ բավականին հաջողությունների է հասել : Առանձին նախարարություններով չի որոշվում կառավարության ընդհանրական աշխատանքը :
- Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ին տրվելու է վարչապետի պաշտոնը նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց եւ ԲՀԿ-ն միանալու է կոալիցիային:
-Այդպիսի տեղեկություններ ես չունեմ, ոչ էլ առայժմ որեւէ էդպիսի քննարկում եղել է կուսակցություններում :
- Իսկ ինչպես հասկանանք, որ մի կողմից տարաձայնությունների պատճառով ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագիր չի ստորագրում, այլընտրանք է ներկայանում հանրությանը, մյուս կողմից Գագիկ Ծառուկյանը գնում է օդանավակայան' ճանապարհելու Սերժ Սարգսյանին :
- Ճիշտն ասած' ես տեղյակ չեմ ճանապարհելու մասին : Ուղղակի գիտեմ, որ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, կարծեմ ի պաշտոնե, բայց կոնկրետ որը ոնց, ինչ ընթացակարգեր կան, ես տեղյակ չեմ :
- Անվտանգության խորհրդի նպատակներից ելնելո ՞վ էր Գագիկ Ծառուկյանը գնացել օդանավակայան:
- Չէ, ասում եմ, միգուցե կան ընթացակարգեր, որոնք ընդունված են պետական ինստիտուտների կարգով, բայց ինֆորմացիա չունեմ: Այնպես որ ձեր հարցին չեմ կարող պատասխանել :
Զրուցեց Մարինե Խառատյանը