Երկկողմանի խաղ ոչ լիարժեք կազմերով
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը, մեր ազգային թիմը պատրաստվելով այսօր կայանալիք Հունաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը, մայիսի 30-ին ավստրիական Ֆուլպմես բնակավայրի մարզադաշտում երկկողմանի խաղ է անցկացրել:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ, ապա կարելի է ենթադրել, որ այդ խաղն անցել է կամ թերի (10-ը 10-ի դեմ), կամ էլ անհավասար (11-ը 9-ի դեմ) կազմերով:
ՀՖՖ կայքէջը միաժամանակ տեղեկացնում է, որ երկկողմանի խաղի ժամանակ տեղացել է հորդառատ անձրեւ, սակայն այն չի խանագարել դրա բնականոն ընթացքին: Ավաղ, հանդիպմանը ներկա գտնվող լրագրողը այդպես էլ չի տեղեկացնում գոլեր գրանցվել են, թե՝ ոչ:
Ինչեւէ, Հայաստանի ընտրանուն այսօր լուրջ փորձություն է սպասում հույների հետ ընկերական խաղում, քանի որ մեր մրցակիցը բավականին փորձառու եւ կազմակերպված թիմ է եւ իր վարկանիշով 10-րդն է Եվրոպայում:
Հավելենք, որ երկու երկրների ազգային հավաքականները արդեն երեք անգամ պարզել են հարաբերությունները: Առայժմ առավելությունը հույների կողմն է՝ 2 հաղթանակ, մեկ՝ ոչ-ոքի, ընդ որում մերոնք դեռեւս չեն կարողացել գրավել էլինների դարպասը:
Բուքմեյքերները Հայաստան - Հունաստան խաղի ֆավորիտ են համարում հույն ֆուտբոլիստներին: Նրանց հաղթանակը հավասար է 1,77 գործակից, իսկ մերոնցը՝ 5,20: Հանդիպման ամենահավանական ելքը համարում են 1:0 (6,00 գործակից) եւ 1:1 (6,50) արդյունքները: