Նոր ձախողում
Հայկական ֆուտբոլը հերթական ձախողումը կրեց միջազգային ասպարեզում:
Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի 2012 թ առաջնության էլիտ ռաունդի 7-րդ խմբում վաստակեց ընդամենը 1 միավոր եւ զբաղեցրեց վերջին՝ 4-րդ տեղը:
Մեր թիմը նախ պարտվեց Իսպանիային՝ 1:2, ապա ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ՝ 1:1, իսկ վերջին խաղում տանուլ տվեց Իտալիային՝ 1:4: Ուշագրավն այն է, որ բոլոր խաղերում մերոնք առաջինն են գոլ բաց թողել: Հայաստանի հավաքականը հատկապես անհաջող է պաշտպանվել խաղերի վերջին 10 րոպեներին. սեփական դարպասը ընդունած 7 գոլերից 3-ը բաժին են հասնում հենց այդ րոպեներին:
Ի դեպ, իտալացիների հետ խաղում մեր պատանիները առանձնացել են նաեւ անկարգապահությամբ: Մասնավորապես, հանդիպման ավելացված ժամանակում մերոնք երկու անգամ զգուշացվել են, իսկ Էդուարդ Թաթոյանը հեռացվել է դաշտից:
Խմբի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը, որն էլ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ: