Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհ. Գրիգորյան. «Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ»

Մշակույթ
1b50cb5baf1ab8021c55d8d228b47727

Ինչպես հայտնի է՝ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը վերջին շրջանում բուժման կուրսեր էր անցնում Երևանի «Մուրացան» կլինիկայում և Իսրայելում։

Երկար բացակայությունից հետո նա նորից Հայաստանի Գրողների միությունում էր։

- Պարոն Գրիգորյան, գրեթե մեկ տարվա բացակայությունից ու բուժումներից հետո նորից աշխատանքի եք եկել։ Ինչպե՞ս եք հիմա Ձեզ զգում:

- Նորմալ եմ զգում: Թեպետ չգիտեմ' ինչ է նշանակում նորմալ, որովհետև հիմա չեմ կարողանում հիշել' ինչպիսին եմ եղել նախքան հիվանդանալս: Ես հիմա պարզապես կազդուրված եմ:

- Շարունակելո՞ւ եք զբաղվել գրականությամբ:

- Իհարկե զբաղվելու եմ, այլապես անիմաստ էր այս չարչարանքը' մի տարի բուժվելը, Իսրայելը, ճառագայթումը... Եթե չեմ զբաղվելու գրականությամբ, ևս մի առողջ թոշակառու  է ավելանալու այս հողի վրա' առանձնապես մեծ նվաճում չի լինի Հայաստանի համար:

Բայց կան այլ բաներ, անկախ գրականությամբ զբաղվել -չզբաղվելուց... Ես բավականին ժամանակ դուրս եմ մնացել գրականությունից, պարզապես ոչ գրել եմ, ոչ կարդացել: Ես նախ պետք է որոշեմ իմ տեղը:

- Նո՞ր եք որոշելու: Կարծում եմ' այն որոշված է:

- Դա դուք եք որոշել... Ես ինքս մի տարի դրանից դուրս եմ և հիմա վերադարձել եմ ու չգիտեմ' ուր եմ եկել: Բավականին տարօրինակ իրադրություն է... Ամբողջ Հայաստանը թաթախված է քաղաքականությամբ, և ես գրականությամբ եմ ուզում զբաղվել... Լարված պայքարից հետո երկիրը ոտից գլուխ քաղաքականության մեջ է... Ի միջի այլոց, դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում: Երևի տարիներ են հարկավոր, որ շատ հասարակ նայեն այդ ամեն ինչին, ոչ խանդավառություններ լինեն, ոչ հուսահատություններ:

- Արդեն կարողանո՞ւմ եք կարդալ ու հետևել գրական-մշակութային կյանքին:

- Հիմա ես ավելի շատ նկարչությամբ և երաժշտությամբ եմ ինֆորմացիա ստանում երկրի մշակութային կյանքի մասին... Կարդալը դեռ շատ էներգիա է տանում ինձանից: Ու վիճակը հուսահատական չեմ գտնում: Այսօր մենք ունենք երիտասարդական լավ սերունդ'20-25 տարեկաններին միայն նկատի չունեմ, այլ մինչև 40-45, ամուր սերունդ, որ կարելի է ներկայացնել համաշխարհային ցանկացած մակարդակով առանց ամաչելու:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում գրական դաշտը:

-Ինչ վերաբերում է մեր գրական կյանքին, իմ մասնակցությունը շատ քիչ է եղել վերջին մեկ տարում, բայց ես հետևել եմ կողքից և շնորհավորում եմ իմ երիտասարդ բաեկամներին' Հուսիկ Արային, Հովիկ Թեքգյոզյանին, Արամ Պաչյանին' նոր գրքերով հայ գրականությունը հարստացնելու համար, և վստահ եմ, որ այդ գրքերը, որոնց մասին արդեն բավականին խոսակցություն կա, ալիք կառաջացնեն և խթան կհանդիսանան մի քիչ հանդարտված, խաղաղված գրականության համար, որ մի քիչ աշխուժանա գրական կյանքը:

- Ո՞րն է երիտասարդական գրականության տարիքային սահմանը:

-Այսօր երիտասարդ է համարվում այն գրողը, ով գիրք է գրում: Թվարկածս հեղինակներից միայն Արամ Պաչյանն է երիտասարդ: Բայց նրանց մենք երիտասարդ գրող ենք համարում և սխալ չենք անում, որովհետև չեն կորցրել գրականությամբ զբաղվելու երիտասարդական անհեթեթությունը: Որովհետև, իրոք, գրականությամբ, արվեստով զբաղվելը, երբ սթափ հայացքով ես նայում, անհեթեթ արարք է: Սրանք Վիլյամ Սարոյանի խոսքերն են, ես չեմ հորինել: Բայց առանց արվեստի ու գրականության' ժողովուրդը չի ապրի երկար: Կվերածվի մարդկանց սովորական խմբի, ինչպես ցանկացած ավտոբուսի մեջ, ուր տարբեր մարդիկ են դեսից-դենից, թե ուր են գնում, ինչի համար, ոչ ոք չգիտի, բացի վարորդից, վարորդին էլ բոլորովին  չի հետաքրքում, նրան  հետաքրքում է' փող կտան, թե չէ:

Մի կողմից կա մի տարիք, երբ նստես, մարդ հորինես, թատրոն խաղացնես, անհեթեթություն է թվում, մյուս կողմից էլ, երբ որ նայում ես, առանց այդ անհեթեթության ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Այսինքն' այդ անլրջությունը պետք է քեզ լուրջ արդյունքի հասնելու համար մնացած ցանակցած ասպարեզում' տնտեսության մեջ, քաղաքականության մեջ: Ամեն ինչի մեջ լուրջ հաջողության հասնելու համար պետք է զբաղվես անլուրջ գործով: Այդ անլուրջ գործը արվեստն է:

Այսօր մի շատ տխուր առիթով ես ծանոթացա մի շատ հետաքրիր մարդու հետ: Բժիշկ, հասկանալի է, հիմա ես միայն բժիշկների հետ եմ շփվում, օնկոլոգ, մարդ, որի հետ կարող ես նստել-զրուցել արվեստի ցանկացած ասպարեզից, և հեղինակներ կթվի, որոնց մասին դու չգիտես, գերմանացի գրողներ, որոնք, որոնք ըստ երևույթին շատ մեծահամբավ են: Սամվել Դանիելյանի մասին է խոսքս, որին անմիջական առնչվելու դժբախտությունն ունեցա, որովհետև այլ առիթով հազիվ թե հանդիպեի նրան... Ես հասկացա, թե ինչ է նշանակում հայ մտավորական: Ոչ թե գրող, ոչ թե արվեստագետ, այլ մտավորական, մարդ, որը շատ խորությամբ գիտի, ասենք, Սևակի այսինչ շրջանը, գիտի' այսինչ գրականագետը ինչ է ասել Րաֆֆու մասին... Ես ուղղակի հիացած եմ այդ մարդով: Որպես բժիշկ ես չեմ կարող գնահատել նրան, բայց ես արվեստի մարդ եմ և որպես արվեստի մարդ կարող եմ գնահատել: Ամիսներով ես նրա հետ մի սենյակում կարող եմ մնալ... Նա ոչ միայն գիտի հայ, այլ աշխարհի արվեստը գիտի խորությամբ... Ցանկացած գրականագիտական քննարկման ես անհարմար կզգամ նրան տանել, որովհետև կարող է հիասթափվել: Այսօրվա գրականության մասին նա ավելի շատ կարող է իֆորմացիա տալ, քան այսօրվա մեր գրականագետները:

Մեզ համար ամեն առավոտը սկսվում էր հիվանդանոցում իրենց շուրջայցով: Մեզ մոտ շուրջայցը տևում էր կես ժամ, որովհետև գալիս էր և մենք խոսում էինք վերջին շրջանի արվեստից ու գրականությունից: Հիմնականում վիճում էինք իհարկե, որովհետև գրողներ կան, որոնք իր համար պաշտամունքային բան ունեն, օրինակ, շատ է սիրում Պարույր Սևակին,  որով ես այնքան էլ հիացած չեմ: Շատ եմ հարգում նրա նորարարությունը, բայց, ասենք, նրա «Աստծո քարտուղարը» հասնում է թերթի մակարդակի: Շատախոսություն կա շատ: Ես կվերցնեի, նրանից երեք մամուլանոց փոքրիկ ժողովածու կկազմեի' ընտիր, բայց այն, ինչ ինքն է տպել' 8-9 հատորանոց, կթափեի: Այդ տեսանկյունից ինձ համար ավելի արժեքավոր է Համո Սահյանը, որն ավելի քիչ է գրել, բայց ավելորդ բաներն ավելի քիչ են: Ես չեմ ասում, թե նրանցից որն է ավելի արժեքավոր հայ գրականության համար, բայց արվեստի և գրականության տեսանկյունից թե ինչպիսին է Համո Սահյանը, ինձ համար ավելի գերադասելի է: Իսկ Սևակը իսկապես հեղափոխություն է արել գրականության մեջ: Եվ ես էլ ժամանակին գնացել եմ նրա պոչից։

- Ինչո՞ւ են երիտասարդները Ձեզ շատ սիրում...

-Մեր սերը փոխադարձ է: Այսինքն' ընդհանրապես սերը փոխադարձ է, հնարավոր չէ սիրել պատը: Եթե ճակատդ խփում ես պատին, այդ պատը չես սիրի: Բայց երիտասարդություն ի՞նչ է նշանակում: Գրողներ կան, որ ինձ համար շատ ավելի երիտասարդ են, քան թե երիտասարդներից շատերը: Ես քիչ առաջ ասեցի, որ երիտասարդ է նա, ով գիրք է գրում է, որովհետև դա երիտասարդական խենթություն ենք համարում, որովհետև լուրջ մարդը չի նստի գրի չեղած բանը: Երիտասարդական է այն, ինչ նոր է: Ես սիրում եմ այդ զբաղմունքը: Ես սիրում եմ երիտասարդներին իրենց ապրած կյանքով, սիրում եմ, որովհետև նրանք ամեն մի օրը սկսում են նորովի, առավոտ արթնանում են լրիվ մոռացած, թե ինչ են արել երեկ. նոր օր են սկսում զրոյից:

- Այդ դեպքում Դուք է՞լ եք երիտասարդ:

- Ես չգիտեմ' ինձ ինչ ասեմ, որովհետև տարիք չկա ինձ համար: Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ: Վերջերս չինովնիկական թղթաբանության համար հաճախ է ստացվում, որ հարցնում են տարիքս, ամեն անգամ ես բացում անձնագիրս, նայում եմ, որովհետև ես շատ հաճախ մոռանում եմ, թե երբ եմ ծնվել: Եվ հետո' ի՞նչ է նշանակում ծնվել... արդեն եսիմ որերորդ անգամ եմ ծնվել...

Զրուցեց Հասմիկ Խեչիկյանը