Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոտայքի մարզը չի զիջի ԲՀԿ-ին

Հարցազրույց
d0cb25ff8a0f717f075727a7e93d873b

Վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս որոշում է կայացրել չվարձատրվող արձակուրդի ուղարկել Կոտայքի մարզպետ, ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Կովալենկո Շահգալդյանին մայիսի 25-ից մինչու հունիսի 6-ը:

Քաղաքական շրջանակներում կոալիցիոն նոր հուշագրի շուրջ ընթացող խոսակցություններով` Կոտայքի մարզը հնարավոր է կառավարման տրվի ԲՀԿ-ին : Անգամ մամուլում շրջանառվում է հնարավոր նոր մարզպետի` ԲՀԿ պատգամավոր Մխիթար Հարությունյանի անունը: Ի դեպ, այս ընտրություններում Կոտայքի մարզում Հանրապետականն ավելի քիչ ձայն է հավաքել, քան ԲՀԿ-ն: Զրուցեցինք ՀՀԿ-ական մարզպետի հետ :

- Պարոն Շահգալդյան, վարչապետը որոշում է կայացրել Ձեզ արձակուրդ ուղարկելու մասին : Հնարավո ՞ր է` դա կապ ունի Ձեր հետագա պաշտոնավարման հետ :
Միգուցե գնում եք խորհրդարանում աշխատելու: Տեղեկություններ կան նաեւ, որ կոալիցիոն նոր հուշագրով` մարզը պիտի հանձնվի Բարգավաճին:


- Ինչ վերաբերում է` մարզը ԲՀԿ-ին տալուն, պիտի համոզմունքով ձեզ ասեմ, որ էդպիսի բան չկա, էդպիսի բան չի էլ կարող լինել : Մարզը Հայաստանի Հանրապետությանն ա : Բարգավաճին մարզ չեն տալիս, էդպիսի հասկացողություն չկա : Ոչ մարզը, ոչ էլ երկիրը որեւէ մեկի սեփականությունը չի կարող լինել : Ես ուղղակի անձնական խնդիրներ ունեմ, դրա համար մի տասը օրով բացակայելու եմ, արձակուրդ եմ վերցրել : Որեւէ բանի հետ կապված չի վարչապետի որոշումը: Կարող եմ Ձեզ հավաստիացնել :

- Ստացվում է`Դուք պատգամավոր չեք դառնալու եւ շարունակելու եք աշխատել մարզպետի պաշտոնո ՞ւմ :

- Ես պատգամավոր չեմ ուզել դառնալ :

- Ինքնաբացարկի դիմում ներկայացրե ՞լ եք :

- Այո :

- Տեղեկություններ կան, որ կոալիցիոն նոր հուշագրով մարզը ղեկավարման է տրվելու ԲՀԿ-ին եւ ԲՀԿ-ից Մխիթար Հարությունյանն է մարզպետ լինելու:

- Դա երեւի Մխիթար Հարությունյանի երազանքն է, որը երբեք իրականություն չի կարող դառնալ :

- Այսինքն` Կոտայքի մարզը Ձերն է ու Դուք ոչ մեկին այն չե՞ք տալու :

- Նման եզրակացություններ մի արեք : Ես ուղղակի մարզպետ եմ եւ շարունակելու եմ պաշտոնավարել :

- Պարոն Շահգալդյան, սակայն, փաստ է, որ ընտրություններում ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ է հավաքել եւ հնարավոր է կոալիցիոն հուշագրով նոր մարզ տրվի իրեն :

- Մի շտապեք, հուշագիրը կլինի, այդ ժամանակ ձեր հարցերն էլ սպառված կլինեն :

- Համոզված եք, որ շարունակելու եք պաշտոնավարումը մարզպետի պաշտոնում, չնայած որ Կոտայքում հաղթե՞լ էր ԲՀԿ-ն :

- Մենք պատերազմական վիճակում չէինք : Հաղթելը ո՞րն ա: Իրենք մեզանից մի փոքր շատ են ձայներ հավաքել, ի՞նչ կլինի որ: Ընտրությունները բարեհաջող ավարտվել են, կլինի կոալիցիա, կոալիցիոն հուշագիր, կծանոթանաք, նոր եզրակացություն կանեք : Իսկ հիմա ձեր ասածերը բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում :

- Իսկ ի՞նչն է, Ձեր կարծիքով, պատճառը, որ Հանրապետականը պարտվել է Կոտայքի մարզում :

- Այդ լուրջ թեմա է, որը լուրջ վերլուծությունների կարծիք ունի: Վերլուծեք, ինքներդ իմացեք :

Զրուցեց Մարինե Խառատյանը