«Հրաժարականի բան էլ չեմ արել, որ հրաժարական տամ»
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում թողնել քաղաքապետի պաշտոնն ու ԱԺ պատգամավոր դառնալ: Լրատվամիջոցներում տեղեկություն կար, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել:Մինչդեռ Վարդան Ղուկասյանը պնդում է, որ Գյումրին բոլորից շատ է սիրում:
- Պարոն Ղուկասյան, մամուլում լուրեր կան, որ Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ճի՞շտ է:
- Նմանատիպ բաներ ես չգիտեմ: Դրանք փողոցային խոսակցություններ են, բանսարկություն է:
- Ասում են' Դուք գալիս եք Ազգային ժողով, դա է՟լ է բանսարկություն:
- Ես ինձ տեսնում եմ գործադիրում, ոչ' օրենսդիրում: Ես զրո եմ օրենսդիրից: Չեմ գալու միանշանակ, հենց սկզբից եմ ասել:
- Այդ դեպքում ինչո՞ւ էիք առաջադրվել ՀՀԿ համամասնական ցուցակով:
- Դե, գիտեք էդպես հեշտ ու հանգիստ խոսել' թե այդ դեպքում ինչու էիք առաջադրվել... Հիմա ինչքան մարդիկ են առաջադրվել բոլոր կուսակցություններից:
- Այսինքն' ինքնանպատա՞կ էիք առաջադրվել:
- Այսինքն եւ այսինքն: Դուք գիտեք, որ Հովանու հայտնության մեջ ասում է' Բանից էր Բանը...
- Վերադառնանք մեր իրականություն, պարոն Ղուկասյան: Ի վերջո, Ձեզնից հրաժարական պահանջե՞լ են:
- Ինձ ժողովուրդն ընտրել է, եւ ես հրաժարականի բան էլ չեմ արել, որ հրաժարական տամ: Ես Շիրակի մարզի Հանրապետական կուսակցության ղեկավարն եմ, իսկ Շիրակի մարզը հաղթել է: Գյումրի քաղաքը պարտվել է, Շիրակի մարզը հաղթել է: Որովհետեւ 35 ընտրատարածքում Սամվել Բալասանյանը (ԲՀԿ) որ դրել է, Հանրապետականից ոչ ոք չի դրել: Այսինքն' պիտի Գյումրիում նմանատիպ լիներ:
- Ասել է թե' քաղաքապետի Ձեր գնահատականը Դուք տեսնում եք ընտրությունների արդյունքներով եւ համարում եք, որ վատ չի եղել:
- Դեռ դիմացն օրեր կան, կապրենք, կտեսնենք՝ ով ինչքան հեղինակություն ունի որպես անհատ: Իսկ ինչ մնում է կուսակցությանը, խնդիրներ կան, կարող է լավ չաշխատեցինք կամ էնպես պիտի աշխատեինք, որ չստացվեց: Հետո շատ մարդիկ թող գիտենան, որ այդ ձայները ժողովրդինը չի: Հասկացա՞ր:
- Իսկ ո՞ւմն են այդ ձայները, պարոն Ղուկասյան:
- Տո դուք չգիտե՟ք՝ ումն են: Կարծում եմ' դուք շատ լավ գիտեք' ումն են այդ ձայները:
- Ոչ, անկեղծ ասած'չգիտենք:
- Չէ, լավ գիտեք, ձեր խմբագրակազմից սկսած բոլորը լավ գիտեն:
- Պարոն Ղուկասյան, Դուք շարունակո՟ւմ եք ԲՀԿ-ին մեղադրել Ձեր աղջկա նշանածի սպանության համար:
- Նմանատիպ հարցերի մեջ չեմ մտնում: Դատաիրավական ոլորտը զբաղվում է, կապրենք, կտեսնենք:
Զրուցեց Մարինե Խառատյանը