Անակնկալ հրաժարական
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել։
Դա բավական անսպասելի որոշում է, քանի որ կապանցիները այս տարի հաջող են մեկնարկել առաջնությունում եւ 7 տուրից հետո 13 միավորով զբաղեցնում են աղյուսակի 2-րդ տեղը։
Սակայն 8-րդ տուրի «Արարատ» - «Գանձասար» խաղին հյուրերը ներկայացել են առանց գլխավոր մարզչի։ Աբրահամ Խաշմանյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ ինքը դեռեւս խաղից առաջ ակումբի ղելավարությանն տեղյակ էր պահել իր կայացրած որոշման մասին, պարզապես թիմի մարտական ոգին չգցելու համար խնդրել էր այդ մասին հայտարարել հանդիպումից հետո։
«Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը ասաց, որ Աբրահամ Խաշմանյանն, իրոք, հրաժարական է տվել, որը արդեն ընդունվել է ակումբի նախագահի կողմից։
«Այժմ թիմը պատրաստվում է այս շաբաթվա մեջ նախատեսված երկու խաղերին։ Դրանցից հետո կսկսենք լրջորեն զբաղվել նոր գլխավոր մարզիչ գտնելու հարցերով»։
Ի դեպ, ինչպես նշեց Վլադիկ Առաքելյանը, Աբրահամ Խաշմանյանի հետ հրաժարական են տվել նաեւ նրա կողմից թիմ հրավիրված օգնականները։ Այժմ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է տեղաբնակ մասնագետ Ավետիք Սարգսյանը։