Կհանդիպեն չեմպիոնն ու փոխչեմպիոնը
Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի երկրորդ խաղաշրջանը:
Ճիշտ է, թիմերն այս տարի առաջին անգամ կհանդիպեն, քանի որ 1-ին խաղաշրջանում նշանակված այդ հանդիպումները խաղադաշտերը պատրաստ չլինելու պատճառով հետաձգվել էին:
Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում միմյանց հետ կհանդիպեն «Ուլիսը» եւ «Փյունիկը»: Անցած տարվա չեմպիոնը շատ վատ է սկսել տարին եւ 6 տուրից հետո 2 միավորով զբաղեցնում է վերջին` 8-րդ տեղը: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները այս հանդիպման ֆավորիտ են համարում «Փյունիկին»:
Անցած տարվա փոխչեմպիոնը նույնպես անկայուն է հանդես գալիս եւ առայժմ ավելի շատ կորցրել է, քան` ձեռք բերել (18 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ գտնվում է 6-րդ հորիզոնականում):
Այսօր նախատեսված երկրորդ խաղում «Իմպուլսը» Իջեւանում կընդունի «Բանանցին»: Դիլիջանյան թիմը այս մրցաշրջանում կամ հաղթում է, կամ պարտվում: Վեց տուրից հետո «Իմպուլսը» տարել է 4 հաղթանակ եւ 12 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:
«Բանանցը» նույնպես անկայուն խաղ է ցույց տալիս այս տարի եւ ներկայումս 8 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Բուքմեյքերների կարծիքով այս խաղում պետք է հաղթի «Իմպուլսը»:
8-րդ տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան վաղը, մայիսի 13-ին: Կենտրոնական խաղում առաջնության առաջատար «Միկան» սեփական դաշտում կընդունի 2-րդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին»: Մրցաշարի ետնապահներից մեկը` Երեւանի «Արարատը», Աբովյանում կհյուրընկալի Կապանի «Գանձասարին»:
Բոլոր խղերը կսկսեն Երեւանի ժամանակով 17:00-ին: