Հայաստանը զիջում է իր հարեւաններին
Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները այժմ պատրաստվում են օլիմպիական վարկանիշային վերջին՝ 3-րդ մրցաշարին, որը կայանալու է մայիսի 4-6-ը, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
Այս պահին մեր ըմբիշները օլիմպիական խաղերի 6 ուղեգիր ունեն: Այդ ցուցանիշով Հայաստանը զիջում է իր հարեւան երկրներին: Մասնավորապես, Ադրբեջանն ու Իրանը արդեն նվաճել են 13-ական օլիմպիական ուղեգրեր, ընդ որում իրանցիները միայն տղամարդկանց մրցաշարերի համար: Վրաստանն ու Թուրքիան ունեն 10-ական ուղեգիր:
Ի դեպ, մրցաշարի կազմակերպիչները՝ ֆինները, առայժմ օլիմպիական խաղերի երկու ուղեգիր են նվաճել, ուստի նրանք կաշխատեն այդ բացը լրացնել սեփական գորգերի օգնությամբ:
Նշենք, որ օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում լոնդոնյան խաղերին մասնակցելու իրավունք կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ մտած ըմբիշները: