Երկու հանդիպում չի կայանա
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այսօր երկու հանդիպում չի կայանա:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հետաձգել է ապրիլի 28-ին նշանակված «Գանձասար» - «Շիրակ» եւ «Իմպուլս» - «Ուլիս» հանդիպումները: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն նախկինում հետաձգել էր նաեւ առաջին տուրի բոլոր խաղերը:
Ի դեպ, ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը դեռ չի էլ որոշել, թե երբ են կայանալու այդ հանդիպումները, ինչը թիմերի մարզիչներին թույլ չեն տալիս ձեւափոխել թիմի մարզումային ծրագիրը:
Այսօր տեղի կունենան բարձրագույն խմբի 6-րդ տուրի երկու հանդիպում: Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ կընդունի «Արարատին»: Երկու թիմերն էլ անհաջող են սկսել մրցաշրջանը: Չորս տուրից հետո «Բանացը» 4 միավորով ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Արարատը» 3 միավորով 7-րդն է: Բուքմեյքերները դաշտի տերերին համարում են հանդիպման ընդգծված ֆավորիտ:
Երկրորդ խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում կմրցի մրցաշարի առաջատար «Միկայի» հետ: Փյունիկցիները նախորդ տուրում միայն կարողացան հաղթանակ տոնել: Նրանք վաստակել են 4 միավոր եւ զբաղեցնում են 6-րդ տեղը:
«Միկան» արդեն 4 անգամ կոտրել է մրցակիցների դիմադրությունը եւ 12 միավորով վստահ գլխավորում է աղյուսակը: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերները խաղի ֆավորիտ են համարում «Փյունիկին», որի հաղթանակը գնահատվում է 2,15 գործակից, իսկ «Միկայինը»՝ 2,80: