Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզրափակիչում՝ «Բավարիա» - «Չելսի»

Սպորտ
de85296fb64a788ffd0cc655306187fb

Իսպանական երկու գերակակումբներին՝ Մադրիդի «Ռեալին» եւ «Բարսելոնային» չհաջողվեց մտենել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ, չնայած դրա համար լավ հնարավորություններ ունեին:

Գործող գավաթակիր «Բարսելոնային» պայքարից դուրս բերեց Լոնդոնի «Չելսին», որն այս մրցաշարջանում այնքան էլ հաջող հանդես չի գալիս Անգլիայի առաջնությունում: Սակայն չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում անգլիացիները կարողացան խույս տալ վերահաս պարտությունից, չնայած ընթացքում պարտվում էին 0:2 հաշվով, բացի այդ 37-րդ րոպեին մնացել էին 10 հոգով:

«Չելսիի» երկրպագուները իրենց թիմի վերակենդանացման համար նախեւառաջ պարտական են բրազիլացի Ռամիրեսին եւ իսպանացի Ֆերնանդո Տորեսին, որոնք հրաշալի օգտագործեցին իրենց գոլային պահերը եւ հավասարացրին հաշիվը՝ 2:2 (առաջին խաղը ավարտվել էր լոնդոնցիների հաղթանակով՝ 1:0 - խմբ.):

Մադրիդի «Ռեալի» հաղթարշավը ընդհատեց Մյունխենի «Բավարիան»: Իսպանիայի արքայական ակումբը սեփական հարկի տակ հաղթեց իր մրցակցին՝ 2:1, բայց դա բավական չէր եզրափակիչ մտնելու համար, քանի որ առաջին խաղում իսպանացիները նույն հաշվով պարտվել էին: Հաղթողին չորորոշեց նաեւ լրացուցիչ ժամանակը, իսկ ահա հետխաղյա 11 մ հարվածաշարում ավելի ամուր գտնվեցին «Բավարիայի» դարպասապահի եւ ֆուտբոլիստների նյարդերը՝ 3:1:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին, Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում, ընդ որում չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում հանդես կգա խաղադաշտի տերը: