«Արտույտների ագարակի» հեղինակը Երեւանում
Երեկ երեկոյան «Զանգակ գրատանը» տեղի ունեցավ աշխարհահռչակ գրող Անտոնիա Արսլանի հանդիպումը հայ ընթերցողի հետ: Անտոնիա Արսլանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գիրքը թարգմանվել է մոտ 20 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով: Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը շուրջ 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ:
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանող՝ Սոնա Հարությունյան, խմբագիր՝ Սոնա Սեֆերյան) հրատարակվել է 2007 թ.:
Միջոցառման սկզբում թարգմանչուհի Սոնա Հարությունյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Անտոնիա Արսլանի գրական գործունեությունը, որից հետո ելույթ ունեցավ Անտոնիա Արսլանը: Նա մասնավորապես նշեց, որ թեև արդեն 5-րդ անգամ է այցելում Հայաստան, սակայն առաջին անգամ է, որ Հայաստանում է ապրիլի 24-ին և հնարավորություն ունի հենց այդ օրը Ծիծեռնակաբերդում խնկարկելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Միջոցառմանը մասնակցում էին ճանաչված գրականագետներ Վազգեն Գաբրիելյանը, Ժենյա Քալանթարյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Աբգար Ափինյանը, Աելիտա Դոլուխանյանը, պատմաբաններ Նիկոլայ Հովհաննիսյանը, Կլիմենտ Հարությունյանը, լեզվաբաններ Սոնա Սեֆերյանը, Լալիկ Խաչատրյանը, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը և այլ ճանաչված մտավորականներ: