Գայլը խեղդել է շանը
Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչները գերադասում են ուշ ժամերին տնից դուս չգալ՝ ով լսել, ով էլ աչքով տեսել, որ թաղամասում գայլերը շատացել են:
52-ամյա Երվանդ Մարգարյանը փաստում է` փողոցը լուսավորված է, լույսերը վառվում են մինչեւ ուշ երեկո, սակայն դա չի խանգարում, որ գիշատիչները բակեր հասնեն:
«Մարդիկ վախենում են ժամը 8-ից 9-ից հետո տնից դուրս գան գնան խանութ, հարեւանի տուն: Հարեւանս մի քանի օր առաջ բակում գայլ է տեսել։ Վախեցել էր: Դրանց տեմը առնել ա պետք, չէ՞»,- նշում է Երվանդը:
Երվանդի հարեւան Գարիիկն էլ նկուղից հանեց ու մեզ ցույց տվեց այն գայլի թաթը, որ 2 օր առաջ են այգում լարած թակարդից գտել:
Վերջին 1 շաբաթվա ընթացքում Անդրանիկը 2-րդ շանն է կորցրել: Առաջին դեպքում գայլը շանը կապած տեղից տարել էր, այս անգամ վիրավորել է:
«Կերակրելուց առաջ տեսա, որ այս շունն էլ է վիրավոր, դժվար ապրի: Երկար ժամանակ է ինչ շները գիշերներն անհանգիստ է»,- ասում է Անդրանիկը:
Ի տարբերություն Անդրանիկի, Էդգարենք ողջ գիշեր շների ձայից չեն քնել: Առավոտյան տեսել են, որ գայլը իրենց շանն է խեղդել: Վերջին շրջանում գայլերը շատացել են` փաստում է նաեւ 26-ամյա Էդգարը: «Շունը կապած ա եղել: Լուսադեմին ժամը 5-ին, քաշել ա բերել քցել ըստեղ: Առավոտ հելանք՝ տեսանք սատկած: Հայաթներով բանով ֆռում են գիշերները, մինչեւ մեր շենքի հայաթ էկել ա: Գիշերը հելնեմ, կարողա ինձ բռներ շան տեղը».- նշում է Էդգարը:
Այն, որ գիշատիչները շատացել են, հավաստում է նաեւ Սիսիանի որսորդների եւ ձկնորսների միության նախագահը: Վալերիկ Գեւորգյանի խոսքով` գիշատիչները քաղաք են հասնում, քանի որ սարերում ձյունը առատ է: