Ադրբեջանցիները կոտրել են ԳԹԿ կայքը
Առավոտյան Գնահատման եւ թեստավորման կենտրոնի՝ www.atc.am կայքը ադրբեջանական հակերները կոտրել են: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը` երբ առավոտյան փորձել են մուտք գործել կայք, ԳԹԿ ինֆորմացիայի փոխարեն հայտնաբերել են ադրբեջանական մի հարսանիքի տեսահոլովակ:
Մասնագետներն իրականացրել էին կայքի տեխնիկական վերականգնողական աշխատանքներ, եւ կայքն արդեն գործում է։
ԳԹԿ մամուլի պատասխանատուն համոզված է, որ հակերական այս հարձակումը չէր կարող մեր երկրի ներսից լինել, մանավանդ կայքում չկար այնպիսի մի ինֆորմացիա, որը կարող էր նպաստել դրան:
«Կայքում տեղադրված միակ նորությունը միասնական քննությունների հայտագրման հայտարարությունն ու դպրոցների տնօրեններին ուղղված մի շարք ցուցումներն էին: Մեր կայքի այցելուն հայ դիմորդն է, եւ նրա կողմից մեր կայքին ուղղված թշնամանք ուղղակի չէր կարող լինել»,- նշեց Գայանե Մանուկյանը:
Թե ինչու էր հանկարծ ադրբեջանական հակերներին հետաքրքրել ԳԹԿ- կայքը, նա միայն կարողացավ ենթադրություններ անել: Գայանե Մանուկյանը մասնավորապես նշեց, որ ՀՀ ԳԹԿ-ին արդեն ճանաչում են միջազգային ասպարեզում ու մոտ մեկ շաբաթ առաջ կրթական մի ծրագրի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն էր ձեռք բերել Համաշխարհային բանկի ու ռուսական կողմի հետ: Այս հանգամանքը, ըստ նրա, միգուցե նաեւ չարամտության շարժառիթ էր դարձել ադրբեջանցիների համար: