Աքորիում գործադուլ է
Լոռու Աքորի գյուղի դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում են: Դպրոցում չեն ընդունում դեկտեմբերի 20-ին անցկացված տնօրենի ընտրության արդյունքները, համաձայն որոնց՝ ձայների 5 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ տնօրեն է ընտրվել Ալավերդու թիվ 2 դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Մուսայելյանը:
Հրավիրվել է դպրոցի արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողով, որի արձանագրության պատճեններն ուղարկել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ու կրթության վարչության ղեկավարին:
Ինչպես տեղեկացնում է «Անկյուն+3» հեռուստաընկերությունը, արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովը որոշել է.
«1. Կրկին առաջարկել իրավասու մարմիններին` անցկացնել տնօրենի նոր, արդար ընտրություն: 2. Չվերսկսել ուսումնական պարապմունքները մինչեւ մեր հարցի արդարացի լուծումը: Ուժի մեջ համարել բաց թողած ուսումնական պարապմունքները հետագայում լրացնելու պայմանը: 3. Արհմիութենական կազմակերպությունը չի ընդունում խախտումներով «ընտրված» տնօրենին ու ցանկանում է դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել մեր դպրոցի նախկին աշակերտ եւ շրջանավարտ Արմեն Նիազյանին»: