Ուսանողը «վրեժխնդիր» եղավ (տեսանյութ)
Սյունիքի Տոլորս գյուղի բնակիչ Հասմիկ Բաբաջանյանը համոզված է, որ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանող Արմենի սպանած գայլը հենց այն նույն գազանն է, որ տարիներ շարունակ սպառնալիք էր ոչ միայն այս, այլեւ հարեւան համայնքների համար:
«Էս գայլին 3 գյուղ շատ էր ման գալիս, որովհետեւ բոլոր գյուղերին էլ վնաս է հասցրել: Երեւի էդ մի հատ ա, որովհետեւ միշտ լսել եմ, ասել են՝ սպիտակ մեծ գայլ»,-ասաց նա։
21-ամյա երիտասարդը, ով որոշել էր Ամանորը ընտանիքի անդամների հետ անցկացնել, եղբոր հետ ոչխարի հոտը մոտակա սարն էր տանել: Կեսօրն անց, երբ նստել էին հացի, գայլը գործի է անցել՝ հարձակվելով հոտի վրա։ Արմենը մեկ զարկով գետնին է տապալել գիշատչին:
Տոլորս գյուղը գայլերի հարձակման հաճախ է ենթարկվում, -ասում է համայնքի ղեկավար Մարատ Առաքելյանը: Գիշատիչը հարձակվում է հիմնականում ոչխարի հոտերի վրա: Վիրավորված կանդանիները չեն ապրում, որոշ ժամանակ հետո սատկում են:
Սիսիանի որսորդների եւ ձկնորսների միության նախագահ Վալերիկ Գեւորգյանի տեղեկատվությամբ` գայլերի հարձակումից անցած տարի հիմնականում տուժել են 7 գյուղական համայնքներ, տուժել է ավելի քան 55 մանր եղջերավոր անասուն: