Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոն` ծնողների աջակցությամբ

Սպորտ
7343fbe71a5b319086d69a7803787449

Հայաստանի բազկամարտիկներ Վրեժ Սեդրակյանն ու Աշոտ Ադամյանը եթե չկարողանային գումարներ հայթայթել եւ մեկնել Ալմա Աթա, ապա չէին դառնա աշխարհի չեմպիոն:

Այս տարվա նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը Ղազախստանի նախկին մայրաքաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում մեր երկու մարզիկները հաջող են հանդես եկել իրենց քաշային կարգերում եւ գրավել առաջին տեղը:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին պարզվեց, որ Աշոտ Ադամյանի ծախսերը հոգացել են ծնողները, իսկ Վրեժ Սեդրակյանին օգնության ձեռք են մեկնել ծանոթ- բարերարները: Ինչ վերաբերվում է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիային, որի պատվավոր նախագահը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, ապա այն չի ֆինանսավորվում ՀՀ կառավարության կողմից, ուստի կայուն բյուջե չունի:

«Մենք մրցումներից առաջ դիմում ենք կառավարությանը, որը հետո որոշում է, թե որքան գումար տրամադրի ֆեդերացիային: Այս անգամ որոշակի խնդիրներ առաջացան եւ մեզ չհաջողվեց գումարներ հայթայթել աշխարհի առաջնությունից առաջ: Արդյունքում, Ալմա Աթա մեկնեցին միայն երկու մարզիկներ: Նրանց ելույթներից շատ գոհ ենք, որովհետեւ երկուսն էլ ոսկե մեդալներով վերադարձան Երեւան»,- ասաց Հայաստանի բազկամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Մնացականյանը:

Ելնելով 2012 թվականի մրցումների օրացույցից, ՀԲՖ-ն ֆինանսական խնդիրներ կունենա նաեւ եկող տարի, քանի որ աշխարհի առաջնությունը կայանալու է ավելի հեռու երկրում` Բրազիլիայում: