Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյան. «Գլխից մի թեթեւ հրել եմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
45c18d95212dccfac17ef5e20b3dd921

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է հերքել գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստը։

«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նա բացառեց Հատուկ քննչական ծառայությունում ինքնախոստովանական ցուցմունք տալու մասին ՀՔԾ հայտարարությունը։ «Չի կարող պատահել, որ ասած լինեմ՝ հարվածել եմ։ Ես ասել եմ, որ իրան հրել եմ, ոչ թե հարվածել», - ասաց մարզպետը։

Սյունիքի մարզպետի համար կարդացինք ՀՔԾ հաղորդագրության այն հատվածը, որում նշված է, որ նոյեմբերի 14-ին «Մարիոթ» հյուրանոցում իր եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ծագած վեճի արդյունքում «մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս. Համբարձումյանին եւ նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ»։

«Դե հիմա, դա իրանց խնդիրն ա, դա իրենք տենց են գրել, ես ձեզ ինչ կարող եմ ասել», - մեկնաբանեց մարզպետը։

«Այսինքն, դուք կրկին հերքու՞մ եք, որ ապտակել եք»,-հարցին պատասխանեց. «Չեմ ապտակել, հրել եմ... Տեսագրության մեջ էլ նման բան չկա, որովհետեւ ես գլխից մի թեթեւ հրել եմ, բայց չեմ ապտակել։ Ձեռս իրա էրեսին չի կպել»։

Իսկ նույն հաղորդագրության մեջ նշված փաստին, թե. Սուրիկ Խաչատրյանը զղջացել է իր կատարածի համար, վերջինս արձագանքեց.
«Ի՞նչ ա նշանակում՝ զղջացել եմ... ես ընդհանուր, երեւույթի համար եմ զղջացել։ Երեւույթը տհաճ էր, ամբողջ հանրապետության խոսակցության թեմա դարձավ, ոնց կարող ա տհաճ չլիներ»։

Սուրիկ Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ չի ստացել ՀՔԾ հաղորդագրությունը։ «Կստանամ, հետո ավելի կոնկրետ գնահատական կտամ», - ասաց նա։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կարճել գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդագրության հիման վրա հարուցված քրեական գործով վարույթը, քանի որ «իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով», Սուրիկ Խաչատրյանի ապտակը «իր մեջ չի պարունակում ՀՀ քրօր. 118-րդ հոդվածով նախատեսված գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ»։

«Քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով, հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը», - գրված է ՀՔԾ հաղորդագրությունում։